Դեռեւս ԸՕ նախագծի առաջին տապալումից հետո Փաշինյանի թիմում սկսել են ռեյտինգային ցուցակների ձեւավորման հարցով զբաղվել, աչքի տակ ունենալ պոտենցիալ թեկնածուների։ Մյուս կողմից` շատերն իրենք ռիսկի չեն դիմելու եւ չեն շարունակի ճանապարհը ՀՀԿ-ի հետ, այլ ճիշտ հակառակը` սեփական բիզնեսի ապահովության համար տանիք են փնտրելու իշխանության հարկի ներքո։ Մի խոսքով՝ այս պահին ոչ մեկը չգիտի իր գլխին գալիքը, ու թե որտեղ ու ինչ տեսքով է ինքը մասնակցություն ունենալու։
Օրինակ՝ 2017-ին ՀՀԿ-ին ամենաշատ ձայն բերած Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը (45 հազար ձայն է հավաքել), շաբաթներ առաջ ինչ-ինչ հանգամանքներում ստորագրեց արտահերթ ընտրությունների անցկացմանն աջակցություն հայտնողների դիմումի տակ, սակայն ԸՕ նախագծի քվեարկության ժամանակ նա չէր ներկայացել նիստին, ինչը կասկածների տեղիք է տալիս, որ սույն պատգամավորն առնվազն ինքնակամ չի աջակցելու արտահերթի անցկացմանը։ Ու չի կարելի նրա դեպքում միանշանակ պնդել, որ ՀՀԿ-ի ճամբարից կտեղափոխվի իշխանության ճամբար, ու ճիշտ հակառակը՝ կշարունակի ՀՀԿ-ի հետ պայքարը։ Կամ՝ Լոռիում 44 հազար ձայն ստացած ՀՀԿ-ական Տաշիրի Կարեն Կարապետյանը։ Ռեյտինգային պատգամավորներից մի քանիսն հայտնեցին, որ դեռեւս անորոշ է իրենց ճակատագիրը։ Օրինակ՝ Տավուշի մարզում 8 հազարին մոտ ձայն հավաքած եւ արտահերթին աջակցություն հայտնած Հակոբ Հակոբյանը՝ Կիլիկիայի Հակոբը, երեկ մեր բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս․ «Դեռ որոշում չունեմ, ոչ մի բան հայտնի չէ, ոչ մի բան չեմ բացառում»։ Ընդ որում՝ նա նույն պատասխանը տվեց, երբ հարցրինք իշխանության ճամբարում հայտնվելու, ՀՀԿ-ի հետ ճանապարհը շարունակելու հնարավորությունների մասին։ Նախկին ոստիկանապետ, արտահերթին աջակցություն հայտնած եւ նույնքան ձայն հավաքած Ալիկ Սարգսյանն էլ է անորոշության մեջ, նա չգիտի նույնիսկ՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ։
Նախկին ԲՀԿ-ական, 2017-ին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում առաջադրված Մարտուն Գրիգորյանն էլ ասաց, որ որոշում չունի։ Նա Գյումրիում հավաքել է 11 հազար ձայն՝ հետ մնալով ԱԻՆ գործող նախարար Ֆելիքս Ցոլակյանից ու Նեմիրոֆի Արման Սահակյանից, ով, ի դեպ, հնարավոր է հանգրվանի Փաշինյանի ձեւավորած ցուցակում։ «Ես չեմ բացառում, որ կարող եմ մասնակցել ԱԺ ընտրություններին։ Դեռեւս սպասում եմ առաջարկի, նոր իրավիճակ է, հեղափոխության ընթացքում, եւ հետո՝ ես տեսա ժողովրդի վերաբերմունքը եւ քանի որ ես նախորդ ընտրություններին էլ հայտարարեցի, որ գնում եմ ժողովրդի խնդիրները կարգավորելու, ապա ժողովրդի հետ պետք է հաշվի նստել, ու բացառում եմ, որ կառաջադրվեմ ՀՀԿ-ի կողմից»։
-Դուք ո՞ր ժողովրդի հետ եք հաշվի նստում, այն, որ մեկ տարի առաջ ՀՀԿ ցուցակում Ձեզ 11 հազար ձա՞յն տվեց, թե՞ հեղափոխական ժողովրդի, որը փողոց դուրս եկավ ՀՀԿ-ի հեռացման պահանջով։
-Ես կարծում եմ, որ էդ ժողովրդի մեջ տարբերություն չկա, ինձ ձայն տվող ժողովուրդը նույն ժողովուրդն է՝ բողոքի դուրս եկած, ես կարծում եմ, որ այդ 11 հազար ժողովուրդը կոնկրետ իմ անձով պայմանավորված է ձայն տվել՝ հույսով, որ ես կկարողանամ իշխանության հետ համագործակցելով՝ Գյումրի քաղաքի եւ Շիրակի խնդիրները բարձրաձայնել ու խորհրդարանում խնդիրներ լուծել։ Ես ասել եմ՝ որպեսզի կարողանանք այս հոգսաշատ քաղաքի խնդիրները լուծել, պետք է համագործակցենք այն ուժի հետ, որը հնարավորություն եւ ցանկություն ունի քաղաքի խնդիրները լուծելու համար։ Ես մանդատը վերցրեցի ու դուրս եկա ՀՀԿ խմբակցությունից, քանի որ վստահ էի, որ իմ ընտրողը, ժողովուրդը միայն այդ տարբերակով կընդուներ իմ քայլը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում