2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հակոբ Հակոբյանը դիմելով առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին՝ ասաց. «Մեր մահացության պատճառ դարձած առաջին 4 հիվանդությունների համար 2019-ի բյուջեում ինչքա՞ն գումար է նախատեսված՝ կանխարգելելու»: Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ դա ամբողջ առողջության առաջնային պահպանման համար տրված բյուջեն է՝ 26 մլրդ դրամ, որը 5,4 մլրդ-ով ավելի է, քան նախորդ տարի: Նա ասաց, որ ծրագրային բյուջեում նշել են, թե ինչ թիրախների են ուզում հասնել քաղցկեղի, սրտի իշեմիկ հիվանդությունների դեմ պայքարի, դիաբետի համար:

Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Ես, անկեղծ ասած, զարմացա, որ դուք չհասկացաք, բայց էլի կասեմ»: Նա վստահեցրեց, որ հիվանդանոցային բյուջեն ու առողջության առաջնային պահպանման բյուջեն լրիվ առանձին են: Նա բացատրեց, որ կանխարգելում են հիվանդությունները, որ հիվանդանոցային բյուջեն չաճեցնեն նաեւ:
Հակոբ Հակոբյանը հորդորեց նաեւ մանրամասնել էլեկտրոնային առողջապահությունը: Ըստ նրա, սա պետության համար է եւ պետությունը, միայն քաղաքացիների առողջական վիճակի մասին ինֆորմացիա հավաքելու համար պետք է վճարի:
Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ էլեկտրոնային առողջապահական համակարգի պահպանման համար նախկինում տարբեր ծրագրերից կտրվել է 500 մլն դրամ ու հատկացվել, այս տարի ի սկզբանե բյուջեում նախատեսել են այդ գումարը հատկացնել: Նախարարը վստահեցրեց, որ այդ համակարգը անհրաժեշտ է ոչ միայն պետությանը, նաեւ բուժհաստատություններին, պացիենտներին. «Այս պահին այդ համակարգը աշխատում է միայն որպես ֆինանսավորման գործիք: Այլ ինֆորմացիա դրա մեջ դեռ չի մուտքագրվում, բացի պացիենտի անուն-ազգանունից, նախնական եւ վերջնական ախտորոշումից ու դրա վրա պետության ծախսած գումարից: Կլինիկական ինֆորմացիա կմուտքագրենք միայն օրենքում փոփոխություններից հետո, հիմա փաստացի օրենքը չի պարտադրում բժշկական հաստատություններին: Օրենքով կլիազորվի կառավարությանը կարգ ընդունել էլեկտրոնային առողջապահության, ինչը հիմա չկա»:
Հակոբ Հակոբյանն ասաց. «Կարծում եմ, դուք էլ եք չէ՞ դեմ, որ 500 մլն վճարենք՝ անուն-ազգանունները գրելու համար: Այս համակարգը պետք է ամբողջությամբ լինի, եթե պետք է 1 մլրդ վճարել, ուրեմն վճարեք»:
Արսեն Թորոսյանն էլ պատասխանեց, որ այդ 500 մլն-ը չեն տալիս միայն անուն-ազգանունները գնելու համար, այլ՝ ֆինանսական համակարգն աշխատեցնելու: Բացի այդ, նա նետեց, որ այդ համակարգն ինքը չի ներդրել, նախորդ իշխանություններն են արել, ինքը հիմա փորձում է օրենքով ապահովել այդ համակարգի կիրառությունը: Նա ասաց, որ առաջ առանց օրենքի կլինիկական ինֆորմացիայի մուտքագրում էին պարտադրում անել բուժհաստատություններին, իրենք գնում են օրենքի ճանապարհով ու նման պարտադրանք չի լինելու՝ առանց օրենքի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































