Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում միաձայն դրական եզրակացություն ստացավ 2019 թվականի բյուջեի նախագիծը: Նախ նիստը սկսվեց կես ժամ ուշ. քվորում չկար: Նիստը կես ժամ հետաձգելուց հետո քննարկմանը ներկայացավ «Ելք» խմբակցության պատգամավոր Կոնջորյանը եւ քվորումն ապահովվեց: Նիստին մասնակցում էին նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ՝ տվյալ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ անդամ Սամվել Նիկոյանը:


Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Գագիկ Մինասյանը նշեց նաեւ, որ կառավարությունը գործընթաց էր սկսել ոլորտային ռազմավարության հետ կապված, որի շրջանառության մեջ դնելուց հետո միայն կարող ենք փաստել, որ Հայաստանում ծրագրային բյուջետավորումը լիարժեք ներդրված է: Բայց, ըստ նրա՝ սա հնարավոր է այն պարագայում, երբ Հայաստանի հաջորդ խորհրդարանը իր մեջ նույնպես ուժ գտնի այդ ծավալի աշխատանք կատարելու, ինչ որ գործողը եւ նախկինը: Ծրագրային բյուջետավորման ներդրմամբ, ըստ Գագիկ Մինասյանի՝ Հայաստանում բավականին լավ հիմք է ստեղծվում կոռուպցիայի դեմ պայքարի եւ բյուջեի փոշիացման դեմն առնելու համար: Գագիկ Մինասյանը փաստեց, որ 2019-ի բյուջեի նախագիծը շատ հեռու է այն հեղափոխական նպատակներից, որով գարնանը հաստատվեց կառավարության ծրագիրը. ոլորտային կարեւորագույն մի շարք ուղղություններով հետընթացներ են արձանագրված: Բայց Գագիկ Մինասյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին, քանի որ հաջորդ խորհրդարանին եւ կառավարությանը պետք է հաստատված բյուջե թողնել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Սամվել Նիկոյանն էլ առաջարկեց, որպեսզի Գագիկ Մինասյանը լիագումար նիստում իր ելույթում մանրամասնորեն անդրադառնա բուն բյուջեի նախագծին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































