Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարարը` Անի Սամսոնյանի քրոջ ու քննությունից «կտրված» մանկավարժների մասին

Նոյեմբեր 13,2018 16:20

Հոկտեմբերի 30-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մեղադրանքներ էր հնչեցրել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հասցեին, որը ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար պայքարող մանկավարժներին քննող հանձնաժողովի կազմում էր: Նա կարծիք էր հայտնել, որ 30 եւ ավելի տարվա մանկավարժներին անգրագետ ու կիսագրագետ անվանած Աննա Ստեփանյանը իրավունք չունի հանրակրթության վարչության պետ աշխատել, նաև հիշել էր, որ վերջինս դիտորդի կեղծ վկայականով ժամանակին ընտրատեղամասում աշխատել է ՀՀԿ-ի օգտին:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանից, որը քննող հանձնաժողովի նախագահն էր:

«Անի Սամսոնյանի հայտարարությունը Երեւան քաղաքի ավագանու նիստին ինձ զարմացրեց, որովհետեւ մինչ այդ հայտարարությունը, չենք ստացել որեւէ գրություն կամ թեկուզ բանավոր հարցում, թե ինչ է տեղի ունեցել իրականում հոկտեմբերի 17-ի հավակնորդների քննությունների ժամանակ:

Կարծում եմ` Անի Սամսոնյանին անվանական դիմում չի գնացել, պարզապես մարդիկ գնացել են քաղաքապետարան, փորձել են ցույց կազմակերպել, հանդիպել են «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամների հետ, այնտեղ էլ նրանց ուղղորդել են գրագետ շարադրել դիմում-բողոքը եւ ներկայացնել համապատասխան գերատեսչություն, եւ իրենք էլ բողոքը մեզ ներկայացրել են»,-ասաց տիկին Առաքելյանը:

Նրա ձեւակերպմամբ, Անի Սամսոնյանը փոխանակ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու, հայտարարություն է արել եւ հիմնականում չհիմնավորված պնդումներ ներկայացրել, որոնցից մեկն էլ այն է, որ Աննա Ստեփանյանն անգրագետ ու կիսագրագետ է անվանել մանկավարժներին:

«Հոկտեմբերի 17-ին քննությանը մասնակցում էր 24 հավակնորդ, մեկ-երկու բացակա կար եւ 15-17 հոգի չհաղթահարեց անցողիկ` 75 % շեմը: Երբ թվերը ներկայացրինք, որեւէ մեկը չխոսեց հոգեբանական ճնշման մասին: Առաջինը, որ լսեցինք, այն էր, թե ինչու մի քիչ չզիջեցիք, քանի որ իրենք առաջին քննություն հանձնողներն էին…Ես բացատրեցի, որ գիտելիքը մնայուն է, հնարավորություն ունեք քննությանը մասնակցելու նաեւ գարնանը:

Քննությունը մեզ մոտ անցել է հետեւյալ կերպ` հարցադրումը տալիս էին, եւ եթե հարցին չէին կարողանում պատասխանել լիարժեք կամ մասամբ, ես որպես հանձնաժողովի նախագահ փորձում էի այլ հարցերի միջոցով բերել կամ գոնե մասնակիի, կամ ճիշտ պատասխանի: Սա եղել է բոլոր 199 հավակնորդների հետ: Վերապատրաստող` «Հույս եւ ապագա» կազմակերպությունը նույնպես նեղսրտել էր, որ առաջինը իրենց մոտ վերապատրաստվածներն են քննություն հանձնել, մենք պարզաբանեցինք, որ պրակտիկա կա` կազմակերպություն առ կազմակերպություն տարբեր օրերի են հանձնում:

Քննության արդյունքներից դժգոհ հավակնորդներին հայտնել ենք, որ մեկ ժամվա ընթացքում կարող են դիմում գրել բողոքարկման համար: Ընդամենը երեք դիմումատու է եղել` Նարինե Նազարյանը, Վարդուհի Ստեփանյանը եւ Անուշ Ալավերդյանը, որը 51 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Փոխնախարարը չթաքցրեց, որ բողոքարկումը ձգվել է 1-1,5 ժամ, սակայն նրա խոսքով, հիմնականում գիտելիքի քննարկում չի եղել. «Միայն Նարինե Նազարյանի դեպքում էր քննարկումը գիտելիքի թեմայով, հետո ամեն մեկն անցավ անձնական դաշտ, մեկը հիշեց, որ հեղափոխությանն է մասնակցել, շահարկեց այդ թեման, առողջական խնդիրներից պատմեցին…Փաստորեն, քննարկում էին ոչ թե բովանդակությունը եւ գիտելիքները, այլ այն, թե ինչպես անենք, որ 74 %-ը դառնա 75, ինչն ինձ համար անընդունելի էր:

Երեկոյան 10:30 էր, եւ ահա , թե ինչ տեղի ունեցավ բողոքարկող Վարդուհի Ստեփանյանի հետ: Ինքը մեկ հուզվում էր, մեկ համաձայնում էր, մեկ ասում էր, թե ինչ գրի դիմումի տակ, ասում էինք` գրեք ինչ ուզում եք, ամեն դեպքում միշտ կարող եք դիմել դատարան: Մենք ունեցանք տեխնիկական խնդիր նույնպես: Պարզվեց, որ չենք կարող վերարտադրել ձայնագրիչում առկա ձայնագրությունները, քանի որ տեխնիկական սպասարկողը տուն էր գնացել: Ստիպված մանկավարժական համալսարանի տեխնիկական սպասարկողին կանչեցինք, ինչը շատ ժամանակ խլեց: Ես տիկին Վարդուհուն եւ տիկին Անուշ Ալավերդյանին մարդկայնորեն ասացի, որ թեպետ կարգի խախտում կարող է դիտվել, բայց քանի որ տեխնիկապես չենք կարող վերարտադրել իրենց ձայնագրությունը, կարող են հաջորդ շաբաթվա ընթացքում այն լսել: Իրենք համաձայնեցին եւ գնացին:

Վարդուհի Ստեփանյանը բողոքարկման ընթացքում անընդհատ երկարացնում էր, հուզված էր, 74 % էր ստացել: Իր որդին մտավ քննասենյակ, հետո ամուսինը: Վերջինս նույնիսկ սպառնաց, ինձ մեղադրեց իշխանությունների դեմ սաբոտաժի մեջ, գոռգոռաց, իրենից հետո մտան մյուս կանայք` 15 հոգով ու աղմուկ բարձրացրին: Նույնը տեղի ունեցավ Անուշ Ալավերդյանի ժամանակ: Իրենք ասացին, որ կբողոքեն, կդիմեն վարչապետին, ես էլ պատասխանեցի` իրավասու եք դիմել ընդհուպ դատարան»:

Լուսինե Առաքելյանն ասում է, որ թեկուզ ձայնագրիչի հիշողությունը լցվել էր, ու իրենք չէին նկատել, բայց չանհանգստացան, որովհետեւ քննասենյակը ապահովված էր տեսագրությամբ եւս: Պահպանվել է նաեւ 15 բողոքողներից 7-ի ձայնագրությունը: Մեր զրուցակիցը շեշտում է. «Եթե Անի Սամսոնյանի ելույթի իմպուլսիվությունը մի կողմ դնենք, տակը մնում են մի քանի չփաստարկված պնդումներ: Օրինակ, ինքն ասում է` Աննա Ստեփանյանի գլխավորությամբ հանձնաժողով, մինչդեռ հանձնաժողովի նախագահը ես եմ: Ասում է` Աննա Ստեփանյանը ուսուցիչներին անվանել է անգրագետներ եւ կիսագրագետներ, երբ գոնե իմ ու հանձնաժողովի մյուս 5 անդամների մոտ նման հայտարարություն չի հնչել: Մյուս պնդումն այն է, որ, Աննա Ստեփանյանը հոգեբանական ճնշում է գործադրել ուսուցիչների վրա` կապված 11 հայտնի պատմության հետ»:

Հիշեցնենք, որ Անի Սամսոնյանն ասել էր. «Տիկին Ստեփանյանը հատիկ-հատիկ մտաբերել է թիվ 11-րդ դպրոցի այն ուսուցիչներին, որոնք իրենց արդար բողոքն էին արտահայտել նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ և որոշել է կոպիտ պահվածքով, իր դիրքը չարաշահելով, վրեժխնդիր լինել այդ մանկավարժներից»:

Լուսինե Առաքելյանը հայտնեց, որ քննության ժամանակ հավակնորդներին տրվել են այնպիսի հարցեր, որոնք համընկնում են տվյալ դպրոցում առկա իրավիճակի հետ: Մասնավորապես, նրա խոսքերով, երբ Անուշ Ալավերդյանը ծնողխորհրդի մասին է խոսել, ինքը հարցրել է, թե ինչու է տնօրենի մրցույթի օրը բացահայտել, որ կառավարման խորհրդում ներկայացված իրենց ծնողխորհուրդը լեգիտիմ չէ:

Լուսինե Առաքելյանը տեղեկացրեց, որ բոլոր զարգացումներից հետո, ԿԳ նախարարությունը սպասում էր, որ, այնուամենայնիվ, գրություն կստանա ավագանու անդամից, սակայն նա հանդես է եկել միայն ֆեյսբուքյան գրառումներով:

«Անին մի հարցազրույց էր տվել, որտեղ պնդում էր, որ ձայնագրություններն անհետացել են, ինչը կոռեկտ չէ: Այդ պնդումը նշանակում է կասկածի տակ դնել ամբողջ գերատեսչության աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Նման պնդումը պետք է ապացուցել, որովհետեւ անհետանալը նշանակում է, որ մեկս միտումնավոր վերացրել ենք ձայնագրությունը: Անի Սամսոնյանը նաեւ պնդում է, որ յուրաքանչյուր հավակնորդի մենք քննել ենք ժամուկես, մինչդեռ նման բան չի եղել, որեւէ մեկը լաց լինելով դուրս չի եկել, լաց են եղել բողոքարկողներից երկուսը, այն էլ, երբ խոսել են իրենց անձնական կյանքից»,- շարունակում է փոխնախարարը:

Նաեւ հայտնում է, որ հետագայում գրություն են ստացել Անի Սամսոնյանից, որով միջնորդում էր ընդունել բողոքող մանկավարժներին, մինչդեռ վերջիններիս կողմից չի եղել խնդրանք, որը մերժվել է: Անի Սամսոնյանը խնդրել է ներկայացնել տեսագրությունները, սակայն ԿԳ նախարարությունից պատասխանել են, որ կարգը չի պահանջում տեսագրություն, կարգով միայն ձայնագրություն պետք է լիներ:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ այլ հավակնորդներին ուղղորդելուն, որ բոյկոտեն քննությունները, նաեւ այն պահանջին, որ «կտրվածները» նորից փորձեն` կրկնելուց հետո, միայն թե որեւէ կերպ հաղթահարվի անցողիկ շեմը:

Լուսինե Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ խնդրո առարկայում Անի Սամսոնյանի շահագրգռությունը պայմանավորված է նրանով, որ նրա քույրը, որ 11 դպրոցից է, հավակնորդների թվում է եղել եւ հաղթահարել է անցողիկ շեմը:

«Փաստորեն, ավագանու անդամը քաղաքական սթափությունը ստորադասել է կենցաղային ինչ-ինչ բաների, որոնց արանքում իր հարազատ քույրն է, 11 դպրոցը, Աննա Ստեփանյանը, այլապես չէր կարող անել պնդումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Քննության ժամանակ եղել են իրավապաշտպանների քույրեր, Անի Սամսոնյանի քույրը, սակայն մենք որեւէ ազգանունի կամ պաշտոնի նկատմամբ պարտավորություն չունենք: Սա մեզ համար հնարավորություն էր դպրոցի մուտքը բացել բոլոր այն հավակնորդների առաջ, որոնք գիտելիքներ ունեն, թաթախված չեն ինչ-ինչ պատմությունների մեջ»,-եզրափակեց Լուսինե Առաքելյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսինե Առաքելյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930