«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակով Երեւանի նախկին ավագանու անդամ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների «Մենք» դաշինքի ցուցակով։ Այս հարցի, ներքաղաքական մի շարք հարցերի, ինչպես նաեւ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին խոսել ենք Արա Կետիկյանի հետ։
– Ներկայիս իշխանությունների գործելաոճը Ձեզ ամբողջությամբ գոհացնո՞ւմ է։
– Իհարկե ամբողջությամբ չի գոհացնում։ Շատ բաներ կան, որ բացարձակապես չի գոհացնում։ Բայց գլոբալ առումով կարող եմ ասել, որ ամեն բան լավ է։ Եթե այս իշխանությունը իրեն չարդարացնի, կփոխվի, կընտրվի նոր իշխանություն։ Այս հիմքերը դրել են հենց այս իշխանությունները։ Գոհացնում են պայքարը կոռուպցիայի դեմ, օրինական երկիր ստեղծելու համար տարվող աշխատանքները։ Այս իշխանությունը դեռ նոր է, շատերը դեռ անփորձ են, եւ, ընդհանրապես, շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն, բայց դրա համար ժամանակ է պետք։ Ես միանշանակ ողջունում եմ այն բոլոր ջանքերը, որոնք դրա համար են թափվում։ Մենք էլ մեր կողմից մեր ոլորտում փորձում ենք անել ամեն ինչ, որ համահունչ ընթանանք առաջ։
– Խոսեցիք կադրային քաղաքականության մասին։ Մի քանի դեպք է եղել, որ երբ Փաշինյանը հին համակարգից կադրեր է նշանակել, հանրությունը լավ չի ընդունել։ Ո՞րն է ավելի ընղունելի՝ բոլոր տեղերում նշանակել անփորձ մարդկա՞նց, թե՞ ներգրավել նաեւ հին համակարգում աշխատող կադրերի։
– Պետք չէ գնալ ծայրահեղությունների։ Ո՛չ պետք է ամբողջությամբ վստահել հին կադրերին, ո՛չ էլ նորերին։ Յուրաքանչյուր հեղափոխություն իր հետ սերնդափոխություն է բերում։ Որպես կանոն, որոշ ժամանակ հետո ամեն բան ընկնում է իր տեղը, եւ հենց այդ ժամանակ ընտրվում են նաեւ լավագույն հին կադրերը։ Սա բնականոն գործընթաց է։ Այսպիսի համադրմամբ կարելի է ձեւավորել նորմալ իշխանություն։
– Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին ի՞նչ կասեք։ Հայտնի դեպքերից հետո խոսե՞լ եք նրա հետ։
– Պարոն Գրիգորյանի հետ խոսելու հնարավորություն ո՛չ ես, ո՛չ մեր ընկերները չենք ունեցել։ Մենք չենք շտապում եզրակացություններ անել, որովհետեւ պարոն Գրիգորյանը դեռ չի խոսել այդ մասին, եւ, ի վերջո, դատարանը որոշում չի կայացրել։ Մենք չենք խոչընդոտում։ Սպասում ենք, որ այս իրավական գործընթացները ավարտվեն, գործը մտնի դատարան։ Բոլորիս է հետաքրքրում իրականությունը։ Անձամբ ես չեմ հավատում, որ Մանվել Գրիգորյանը կարող է տուշոնկա գողանալ։
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում