2016թ.-ի մարտի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծանր վիրավորում են ստանում 2 անձ, որոնցից մեկը հետագայում մահանում է: Այս միջադեպի արդյունքում 2018թ.-ի օգոստոսի 2-ին Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչում Գրիգոր Հրայրի Մաթևոսյանին և նրան դատապարտում 18 տարի ազատազրկման:
Դատարանի կայացրած վճռի դեմ Գրիգոր Մաթևոսյանի փաստաբանը՝ Լիպարիտ Սիմոնյանը, բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան:

Փաստաբանը նշում է, որ տուժող Վրեժ Մաթևոսյանը, որը միջադեպի ժամանակ ստացել է ծանր մարմնական վնասվածք, տարբեր ցուցմունքներ է տվել նախաքննության ժամանակ, այնուհետև դատարանում. «Վրեժ Մաթևոսյանը ցուցմունք է տվել նախ հետվիրահատական շրջանում՝ Բերդ քաղաքի ոստիկանապետի և քննիչի անմիջական ազդեցության, ճնշումների ու խաբեության ներքո: Երբ նշվում էր, որ ոստիկանապետն ու քննիչը ճնշում են գործադրել ցուցմունք տվողի վրա, այս հարցը քննելու նպատակով դատարանը պետք է դիմեր դատախազին ու ՀՔԾ ծառայությանը, այնուհետև գործին ընթացք տար: Բայց դատարանը դա չի անում և ընդունում է այդ ցուցմունքներն, առանց մեզ պատշաճ պատասխան տալու»:
Փաստաբանն ընդգծեց նաև, որ սույն գործով որևէ վկա կամ էլ ցուցմունք տվող չի նշել, որ իրենց մարմնական վնասվածքներ հասցրել է հենց Գրիգոր Մաթևոսյանը:
Ասուլիսին ներկա էր նաև Գրիգոր Մաթևոսյանի հայրը՝ Հրայր Մաթևոսյանը: Հրայր Մաթևոսյանի խոսքով՝ առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը, համագործակցելով Բերդ քաղաքի ոստիկանապետի, գլխավոր դատախազի և քննիչների հետ, տվել է մեղադրական վճիռ. «Տեսնելով դատավորի տրամադրվածությունը՝ ես արդեն գիտեի, որ իմ որդու դեմ մեղադրական վճիռ են կայացնելու: Դատավոր Զաքինյան Զոյան ճակատագրական սխալ է թույլ տվել՝ նման մեղադրական վճիռ կայացնելով»:
Ըստ Հրայր Մաթևոսյանի՝ Հայաստանում դատարանները «беспредел» որոշումներ են կայացնում. «Երկու տարի 7 ամիս իմ որդին անազատության մեջ է: Ես չեմ ցանկանում ծայրահեղ քայլերի գնալ, բայց եթե Վերաքննիչ դատարանն էլ որդուս գործը օբյեկտիվ չդատեց, հույսս կորցրած գնալու եմ ամեն քայլի՝ և՛ մահի, և՛ ցմահի»:
Հայրը վստահ է, որ իր որդին երբեք չէր կարող միջադեպի ժամանակ դանակ կիրառել. «Իմ որդին մարզիկ է, տիրապետում է մարտարվեստի: Նա հիմար չէր, որ մարտարվեստին տիրապետելով՝ իր մոտ դանակ պահեր»:
Հրայր Մաթևոսյանը վերջին անգամ է դիմում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ նոր օրենքներ, նոր կարգեր: Ասում է՝ իրավական դաշտը պետք չէ կապել քաղաքականության հետ, բայց նա մոռանում է, որ իրավական մարմիններում աշխատողները քաղաքականության հետ կապ ունեցողների հետ են համագործակցում: Իմ նպատակը արդարությունն ու արդարադատությունն է: Եթե Վճռաբեկ դատարանը որդուս գործը օբյեկտիվորեն չդատեց, ես իմ պատերազմը սկսելու եմ Հայաստանի «թուրքերի» դեմ»:
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ


















































