«Խոսակցություններ կան. ասում են՝ այս խորհրդարանը, որը դեռ նոր պիտի ընտրենք, երկար կյանք չի ունենա: Այ ձեր ցավը տանեմ, կարող ա՞ մենք պարապ ենք, անընդհատ ընտրությունների մասնակցենք»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) քարոզարշավի շրջանակներում Չարենցավանի կինոյի տան մոտ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ այս ցնցումները ՀՀ-ին պետք չեն ու հավաստիացրեց՝ մարդիկ հոգնել են ցնցումներից, ուզում են կայուն, զարգացող, աշխատող պետական կառավարման համակարգ: Էդմոն Մարուքյանը հավելեց. «Պետական այնպիսի համակարգ պիտի լինի, որ մարդուն օգնի: Այսօր պետությունը մարդուց հեռացած է: Մարդիկ գալիս, ասում են՝ մի պեչատ դնելու համար մի քաղաքից մյուս քաղաք պիտի գնանք, ո՞նց կարող է պետությունն այդքան անտարբեր լինել մարդկանց նկատմամբ»:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ ընտրելով Լուսավոր Հայաստանին, խորհրդարանում ունենալու եք երկրորդ քաղաքական միավորը:

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենք լինելու են երկրորդ քաղաքական ուժը. «Հեղափոխության արդյունքներով և կանոնի համաձայն՝ այն ուժը, որն իրականացնում է հեղափոխությունը, ստանձնում է ամբողջ իշխանությունը և պատասխանատվությունը: Իշխանության հարցը լուծված է: Հարց կա, թե դեկտեմբերի իննին ո՞ր ուժերն են, որ լինելու են մյուս ուժերը: Իշխանությունը չի կարող առանց առողջ ուժերի, քաղաքական համակարգի մյուս բաղկացուցիչների երկիրը շարժել առաջ»:
Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց՝ ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ արժանի ենք երկրորդ քաղաքական ուժը լինելու. «Լուսավոր Հայաստան»-ը չի պատրաստվում լինել արհեստական կոալիցիաների անդամ, որտեղ որևէ դերակատարություն չի ունենալու: Մարդիկ ասում են՝ բայց դուք պաշտպանել եք հեղափոխության արժեքները, բա ի՞նչ եք անելու, ես պատասխանում եմ՝ այո, աջակցում ենք ՀՀ պետական շինարարության գործին: Մենք պետք է լինենք այն ուժը, որը կլինի հակակշիռ իր գաղափարներով, մոտեցումներով, կհակադրվի և գաղափարական բախումների արդյունքում կծնվեն նոր, լուսավոր նախաձեռնություններ»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք կողմ են տնտեսության ազատականացմանը. հարկային նոր օրենսդրություն պետք է մտցվի, մարդկանց պիտի թողնեն՝ շունչ քաշեն, որ չընկնեն տանը երկու հատ կարկանդակ թխող, սուպերմարկետում վաճառողի հետևից, որը հազիվ իր գլուխն է պահում:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ եթե ուզում եք ձեր խնդիրները փուլ առ փուլ լուծվեն, պետք է ունենաք ձեր պարկեշտ ներկայացուցիչները: Հետո էլ հավելեց. «Մենք արդեն ցույց ենք տվել, որ մենք այդպիսին ենք: Մեզ ստուգելու, թեստավորելու խնդիր դուք չունեք, պետք է աջակցեք, որ մեր թիվը շատանա, մեր որակն ավելի մեծ թվով գնա խորհրդարան»:
Մարուքյանը հիշեցրեց՝ ՀՀ-ում ամեն ինչ արվել է, որ մարդը կռացած, կզած մնա, լավ չապրի, որ 10 հազարով գնա, ընտրի:
Հաջորդ կանգառը Գավառն էր: Գավառի բնակիչները մի շարք հարցեր բարձրացրին Էդմոն Մարուքյանի առաջ, այդ թվում այնպիսիք, որոնք իրենց ձևակերպմամբ՝ «Սերժի ժամանակ չեն արել»: Մի մարդ էլ իր առողջական խնդիրները բարձրացրեց: Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ դիմե՞լ է առողջապահության նախարարին, ասաց, թե նրան պետք է կախեն: Էդմոն Մարուքյանը հստակեցրեց՝ նոր նախարարի մասին է խոսքը, նրան դիմե՞լ է, տղամարդն ասաց, թե նորին էլ է դիմել, Նիկոլ Փաշինյանին էլ, բայց հարցը չի լուծվել: Մարուքյանը խոստացավ հարցը բարձրացնել: Մյուսները բարձրացրին ավանդների վերադարձի խնդիրը: Մարուքյանը հիշեցրեց՝ որպես անկախ պատգամավոր ինքն առաջինն է խորհրդարանում այդ հարցը բարձրացրել, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որ ավանդները վերադարձվեն ժառանգներին, ինչը մերժվել է: Հիմա եթե անցնի խորհրդարան, պատրաստվում է նորից այդ հարցը բարձրացնել: Մարուքյանը նաև վստահեցրեց՝ զոհվածների ընտանիքները հատուկ ուշադրության են արժանանալու:
ԼՀԿ-ն քարոզարշավի շրջանակներում այսօր կլինի նաև Մարտունիում և Վարդենիսում: Իսկ կուսակցության մյուս քարոզչական խումբը՝ Մանե Թանդիլյանի և Գևորգ Գորգիսյանի գլխավորությամբ, հանդիպումներ է անցկացնում Երևանի վարչական շրջաններում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































