«Ես ու դու դառնում ենք մենք». այս կարգախոսով ՄԵՆՔ դաշինքի ներկայացուցիչներն այսօր ընտրողների հետ հանդիպեցին Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
ՄԵՆՔ-ի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը և առաջին եռյակում գտնվող Խաչատուր Քոքոբելյանն ու Անժելա Խաչատրյանը զուգահեռ քարոզարշավ էին անցկացնում Վանաձորում:
Լրագրողները Արամ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ մտահոգություն չունե՞ն, որ հաղթանակ գրանցելը բարդ կլինի, քանի որ իրենց ռեյտինգային թեկնածուները հայտնի չեն: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ամենահաղթող թեկնածուն այն թեկնածուն է, որ քիչ է հայտնի: Հայտնիների ժամանակը լրացել է. հայտնիներին համարում են խոստում տված, չարած»:
Արամ Սարգսյանը հավաստիացրեց՝ Լոռու մարզում շատ լավ թեկնածուներ ունեն. «Այնպիսի մարդիկ են, որոնք իրենց ապրած կյանքով իսկապես ծառայություն են մատուցել հայրենիքին, որպես ազատամարտիկներ մասնակցել են ազատամարտին, անբասիր կյանք են վարել: Մյուս ուժերից ՄԵՆՔ-ի տարբերությունը նրանում է, որ մենք մեր գաղափարներն ասում ենք՝ անկախ նրանից՝ ժողովուրդն ուզում է լսել, թե ոչ: Նրանք, ովքեր համարում են, թե պետք է գաղափարներն ասել, երբ ժողովուրդն ուզում է լսել, նրանք պոպուլիստներ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































