«Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Արտակ Կիրակոսյանը ցավով է արձագանքում, որ այս ընտրություններին ևս ունենք ռեյտինգային համակարգ: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արտակ Կիրակոսյանն այս առիթով մանրամասնեց. «Ցավոք, առաջին հերթին ռեյտինգային համակարգն է, ինչի համար ցավում եմ, քանի որ, ըստ էության, թեկնածուներն ընկած են իրենց համակիրներին հավաքելով, որ հնարավորինս ամեն տեղամասից մարդ հավաքեն: Երկրորդ խնդիրը, որից հույս ունեմ, գոնե այս շաբաթ կձերբազատվենք, սև-սպիտակի խնդիրն էր, որ ՀՀԿ–ն ու Նիկոլ Փաշինյանն այդ խաղն էին խաղում, ինչի պատճառով հնարավորություն չկար ծրագրային, գաղափարական բաների մասին խոսել: Հույս ունենք, որ գոնե այս հինգ օրը մենք հնարավորություն կունենանք ծրագրերի մասին խոսել»:

«Ազգային Առաջընթաց» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Հայկ Փայտյանը բարձրաձայնեց վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքերի մասին. «Ես ընտրարշավի ժամանակ տեսնում եմ, որ քարոզարշավին մասնակցում են մեքենաներ, որոնք ունեն պետական համարանիշներ: Վարչապետն արձակուրդի մեջ է և իրավունք չունի պետական գույք հանդիսացող մեքենա օգտագործել: Իրավունքի առումով սա խախտում է, եթե նա արձակուրդում է գտնվում: Ռեսուրսների վերաբերյալ սա իրավական բաց է, որը պետք է կարգավորվի: Եթե որևէ պաշտոնյա արձակուրդում է, միևնույն է, հանրությունը կարծում է, որ միևնույն է նա է նախարարը, վարչապետը: Հիմա էլ դպրոցներից կանչում են, թե գալիս է տվյալ պաշտոնի մարդը, բայց չեն ասում, թե եկեք, գալիս է տվյալ դաշինքի թեկնածուն: Մեր նախաձեռնությունը պիտի լինի այն, որ քարոզարշավից առաջ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ոչ թե գնա արձակուրդ, այլ հրաժարական տա, քանզի նա ընտրությունների մասնակից ուժ է»:
Նա նաև ահազանգեց՝ Կոտայքի մարզից իրենց տվյալ են հասել, որ ԲՀԿ վստահված անձերին իրենց ընտանիքի անդամների թվով գումար են տալիս: Պատգամավորի թեկնածուն դրանք օդից կախված լուրեր է համարում և հույս ունի, որ իրավապահները կճշտեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































