Այսօր կոռուպցիայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հանրային քննարկում-բանավեճի ժամանակ հարցին, թե նախկինում թալանածների հետ ի՞նչ անենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Ատոմ Մխիթարյանն ասաց, որ նախ պետք է հայտարարագրվի այն անձանց ունեցվածքը, ովքեր թալանին կարող էին մասնակցել, երկրորդ քայլն այն է, որ պիտի ապացույցներ ներկայացնեն, թե որքան մասն է օրինական, երրորդ քայլն այն է, որ եթե չեն կարողանում ապացուցել, պետք է վերադարձնեն՝ ներդրում անելով, օրինակ, պետական բաժնետիրական ընկերություններում, օրինակ:
ՀՅԴ թեկնածու Գեղամ Մանուկյանը հակադարձեց Ատոմ Մխիթարյանին՝ ասելով, որ որեւէ մեկը չպետք է ապացուցի, որ ինքն արդար է, իրավապահ մարմիններն իրենք պետք է հայտնաբերեն: «Իմ քայլը» դաշինքից Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ անձի վրա է դրվում ապացուցելու բեռը, որը թույլ է տալիս նոր Սահմանադրությունը, որի ընդունման ջատագովն էր ՀՅԴ-ն:
Ըստ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանի, հանրությունը պետք է երկու գիծ գծի՝ կարմիր ու դեղին: Կարմիր գծի տակ այն մարդիկ են, ովքեր անցած 20 տարիների ընթացքում կոռուպցիոն համակարգ են ձեւավորել, այդ մարդիկ չպետք է կարողանան պետական կառավարման համակարգում որեւէ տեղ ունենան:
Դեղին գիծը այն մարդիկ են, որոնք կոռուպցիոն մեխանիզմների մասնակցել են, բայց նրանք ապօրինի հարստացած գումարները տրամաբանական ժամկետներում հետ կբերեն:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ 2004-ին Ռուստամյանը Սերժ Սարգսյանի հետ հրապարակային բանավեճի մեջ մտավ, որը հայտարարում էր, որ պետական գերատեսչություններում կոռուպցիա չկա: Նա նաեւ հիշեցրեց՝ երբ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, ՀՅԴ-ն մերժել էր մասնակցել՝ բացատրելով, որ չեն կարող մասնակցել մի խորհրդի քննարկմանը, որտեղ կա Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը եւ այլն:
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հարցրեց՝ «Գաղտնիք չի, որ գողացված ակտիվների ճնշող մեծամասնությունը գտնվում է ՀՀ-ից դուրս օֆշորային գոտիներում, դուք կոնկրետ մեխանիզմներ տեսնո՞ւմ եք դրսից փողերը հետ բերելու, որովհետեւ ՀՀ-ում բանկային գաղտնիքի խախտման հետեւանքով դա հնարավոր է, մենք տեսանք: Մի կողմից Արմեն Ավետիսյանը նվիրաբերեց «Գոլդեն փելես» հյուրանոցը, ընդունվեց նվիրատվությունը, մյուս կողմից Մանվել Գրիգորյանինը բռնագանձվեց, այդ մոտեցումը, ուժային ճանապարհով վերադարձնելը ու մյուս տարբերակը՝ փորձել ինչ-որ ձեւ այդ թալանվածը հետ բերելը, ի՞նչ կարծիք ունեք սրա վերաբերյալ»:
Միքայել Նահապետյանը պատասխանեց, որ իրենց առաջարկած մեխանիզմը երկրորդ տարբերակին է մոտ. «Ավելի խաղաղ մթնոլորտում է պետք հարցերը լուծել»:
Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ հստակ պատկերացում չունեն դրսի օֆշորային գոտիներում եղած կապիտալն ինչպե՞ս բերել. Արմեն Ավետիսյանից կամ Ավետիսյան ընտանիքից որեւէ մեկդ լսե՞լ եք, որ հյուրանոց են նվիրում, ես չեմ լսել: Դա ասել է միայն վարչապետը, կամ Սաշիկ Սարգսյանի՝ 30 մլն դոլար նվիրատվության մասին լսե՞լ եք, կա քարոզչություն եւ կա ռեալ կյանքը»:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է խտրական լինի. «Ընտրողական վիճակ պետք է չլինի: Հարյուր ամենահարուստ մարդկանց վերցնենք, այսօր կառավարությունը որոշել է բոլորի ապօրինի հարստացման մասով ստուգում անցկացնի, տեսնո՞ւմ եք այսօր դա, չե՛ք տեսնում: Վաչոյին տանում, բերում են, տանում նստեցնում, դուրս են թողնում, բայց ՀՀ ամենախոշոր օլիգարխներից մեկի հետ այսօր ՀՀ փոխվարչապետը իր PR-ի համար տնտեսության արդիականացման նոր արտադրամաս հիմնադրելու մասին տեսանյութեր է հրապարակում, անկեղծ խոսենք, ժողովուրդ ջան: Չե՛նք տեսնում: Երբ որ մեկին նստեցնում են ու մյուսին չեն նստեցնում, այդ դեպքում ընտրողականությունը աչք է զարնում»:
Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց, որ անցումային արդարադատության գործիքակազմ պետք է լինի: Ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը խտրական է, դա նշանակում է, որ ի սկզբանե բոլորին համարում ենք կոռուպցիոներ: Նա վստահեցրեց՝ «Նվիրատվությունները չեն ընդունվել, գույքը կարող է ձեռք է բերվել գողության արդյունքում, դա քրգործով անցնում է որպես գողոն ու քանի դեռ չկա դատական ակտը, այդ նվիրատվությունները պետության կողմից ընդունելի չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































