Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Եղոյանը տեղյակ չէ Փաշինյանի եւ Վանեցյանի գաղտնալսումից

Դեկտեմբեր 05,2018 17:45

Aravot.am-ը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսակցության ձայնագրությունը:

«Ես տեղյակ չեմ, կնայենք, նոր կմեկնաբանենք»,-ասաց Եղոյանը:

Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Վանեցյանը հարցնում վարչապետի պաշտոնակատարին՝ ինչպես վարվել Խաչատուրովի գործի ու Քոչարյանի պարագայում: Ձայնագրությունից պարզվում է նաեւ, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է որոշել Խաչատուրովի խափանման միջոցը գրավն ընտրել: «Դատավորին ինչ որ պետք է՝ կասենք»,- նշում է Արթուր Վանեցյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ներկայացնում ենք հրապարակված ձայնագրության news.am-ի սղագրությունը՝ ամբողջությամբ:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Բարեւ ձեզ, պար՛ոն վարչապետ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Բարեւ Արթուր ջան, ի՞նչ կա։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Լա՞վ եք… Նորմալ, նորմալ, պարո՛ն վարչապետ։ Հիմա նայեք՝ Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի… Սասունը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Հա։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պետք, ինքը ՕԴԿԲ–ի գլխավոր քարտուղարն ա, կարծում եմ պռոմախ ենք տալու, հիմա ուզում ա տանի Սասունը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Ըմմ….

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Նայեք, հիմա իրան հլը չենք հարցաքննել, կարանք հետաձգել իրա հարցաքննությունը, Քոչարյանինն էսօր անենք՝ պրծնենք, ավարտենք, իրանը հետաձգենք էլի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Պետք ա տեղյակ պահել նախապես։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, պետք ա ասենք, էլի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Էդ մյուս մասով ի՞նչ կա։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունն ասում ա հաստատ ա, դատավորն էլ զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի, ասա, որտեղ ես թույլ տեղ տեսնում ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա՝ կասի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Շատ լավ, էդ մյուս մասով թող հետաձգեն, դե ես ստեղ եմ, կակ ռազ կխոսամ։ Նորմալ անցա՞վ հանդիպումը։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ –Լավ լավ, հեսա ես կզանգեմ։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Բանին հետաձգում ենք, բայց Քոչարյանին ձերբակալում ենք։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ –Հա, ես հեսա կխոսամ։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Շատ լավ։

***

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ –Արթուր նիստի եմ, ի՞նչ կա։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Պարոն վարչապետ, ռուսները շատ ծանր են տանում էդ բանի ձերբակալումը՝ Խաչատուրովի։ Եկել են պրեդստավիտելները, համ ռազվեդկի, համ ՖՍԲ–ի, ասում են՝ ըտենց բան մի արեք, կապ չունի. գոնե ՕԴԿԲ–ից հանեք՝ նոր։ Դա մեծ ապտակ ա ՕԴԿԲ–ին, ասում ա՝ շատ ծանր կլինի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, նորություն կա՞։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Քոչարյանի հետ կապված դատարանում հլը լսում են, հեսա կտան բանը, Քոչարյանը կլինի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Ո՞վ ա եկել որ, ի՞նչ են ասում։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Պրեդստավիտելն ա եկել ՍՎՌ–ի , ՖՍԲ–ի, Հայաստանում երկու պաշտոնական ներկայացուցիչները։ Ասում են դա մեծ ապտակ կլինի ՕԴԿԲ–ի հեղինակության վրա, գոնե հանեք, հետ կանչեք, նոր ինչ ուզում եք արեք։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Բա որ գնա, էլ չգա։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Դե չենք թողնի գնա, կպահենք։ Ելքը.. իրան կարգավիճակ տանք, կամ մի բան անենք, բայց չձերբակալենք։ Որովհետև իրանք ասում են՝ մեծ պրոբլեմ ա, էլի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Լավ մի հատ Սասունի հետ խոսա։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Լավ, եթե կարում ենք պահենք… Ի՞նչ անենք՝ չտանե՞նք կալանքի…

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Եթե կարում եք նենց անեք, որ երկրից դուրս չգա…

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Պարոն վարչապետ, իսկականից պրոբլեմ ենք տալու ռուսների հետ, շատ ծանր ա. ոնց որ հիմա ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին բռնեն նստցնեն, էդ կառույցի հեղինակությունն ա, էլի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Լավ, հեսա մի քիչ հետո կզանգեմ։

Արթուր Վանեցյան–Սասուն Խաչատրյան

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, ընգեր։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ընկեր, ռուսները շատ ծանր են տանում, շատ ոռի ա, կարող ա ընենց պրոբլեմ տանք… Ես նոր վարչապետին ասացի, նոր ինձ համ իրանց հետախուզության պետն ա զանգել, համ ՖՍԲ–ի դիրեկտորը, ասում են՝ էս ի՞նչ եք անում։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ի՞նչ անեմ, ասեմ գրավ կիրառե՞ն։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ը…, գրավ թող կիրառեն երեւի թե, կամ ստորագրություն խափանման միջոց ընտրեն։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ինձ թվում ա՝ գրավը ճիշտ ա, ընգեր, գիտե՞ս խի։ Թող մեծ գրավ լինի, որպեսզի հիմնավոր կասկածին չկպնեն։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Բայց դե էդ էլ, չեմ իմանում, ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Դատավորին ինչ պետք ա՝ էդ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկական՝ք ինչ ենք անում։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ընգեր, սենց ասեմ, մի հատ դու վարչապետի հետ խոսա էլի ընգեր, որտեւ…

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Վարչապետի հետ խոսացի՝ նիստի էր, ասեց՝ կարեւորը, որ ինքը չփախնի երկրից ու բան չլինի։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Դե, կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Մեծ գրավ չի կարալու էդի վճարի, որտից ա վճարելու։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Մեծ–մեծ, մի 20 մլն էլ չի՞ կարա վճարի։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ եթե ստորագրություն ընտրե՞ս։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ընգեր, ինքը դրսի մարդ ա, ո՞նց ա ստորագրություն լինելու, ինքը դուրսն ա աշխատում, գրավը ճիշտ ա ավելի։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ստորագրություն եթե ընտրեմ, պիտի «Սեկ»–ը փակեմ չթողեմ դուրս գա։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, դե միգուցե չթողե՞նք գնա… Լավ դու բան արա, ձգի։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ժամը 3–ին ա նիստը ընկեր։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ասա թող հետաձգեն նիստը։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Էլի հետաձգե՞ն։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Նիստը հետաձգեն, մի հատ վարչապետը թող էդ բանից դուրս գա, նիստի ա ինքը, թող դուրս գա վարչապետը, հետը խոսանք, ես խոսացի, բայց ամեն դեպքում մի հատ էլ խոսանք, հասկանանք՝ ինչ ենք անում։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, մի հատ էլ խոսանք ընգեր, վնաս չտանք։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ես բանին կասեմ, թող բան անեն, ապեր, հետաձգեն հլը Խաչատուրովի նիստը, կամ դու ասա, մեկա։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ուզում ես դու ասա, էլի։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ես կասեմ հեսա։

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, լավ։

Նիկոլ Փաշինյան– Արթուր Վանեցյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ– Մնացած նորմալ ա՞։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Մնացած նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, պարոն վարչապետ… Հեսա դատարանը որոշումը կկայացնի կալանավորման… Մնացած սաղ հանգիստ ա։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Դու Շվեյցարիա ե՞ս, թե՞ Ռուսաստան։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ– Շվեյցարիա եմ, հիմա գնում եմ Ջորկաեֆի հետ հանդիպեմ ու թռնեմ Երեւան։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Հա՞, արդեն հե՞տ ես գալիս։

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31