Բուլղարական Պլովդիվ քաղաքը հայտարարվել է 2019թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Այդ առիթով ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ մայր բուհի հարկի ներքո բացվել է լուսանկարչական ցուցահանդես. հայազգի լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանը Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան աջակցությամբ մեկնել էր Պլովդիվ ու իր տեսած գեղեցիկ անկյունները լուսանկարել:



Մանրամասները՝ տեսանյութում:
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը խոսելով Պլովդիվի առանձնահատկությունների ու տեսարժան վայրերի մասին, հավելեց, որ անցյալն այստեղ հանդիպում է ներկային եւ ապագային: «Հասարակության մեջ մեր ամենաթանկ արժեք ներկայացնող շերտը երիտասարդներն են: Նրանք նկարիչներ են, արվեստագետներ, արվեստի հնարավոր բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ: Պատահական չէ, որ մենք հնարավորություն ընձեռեցինք հայ երիտասարդ լուսանկարչին նկարելու այն նախապատրաստական աշխատանքները, որոնք տեղի են ունենում Պլովդիվը` որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակելիս»,-հավելեց տիկին Պավլովան:




Մանրամասները՝ տեսանյութում
Aravot.am-ի հետ զրույցում Մարիա Պովլովան հայտնեց, որ Պլովդիվը առանձնահատուկ քաղաք է, որը միավորում է բազմաթիվ մշակույթներ: Այստեղ ապրում են հայեր, հույներ, բուլղարացիներ, հրեաներ, այլ ժողովուրդներ, որոնք մեծ ներդրում ունեն մշակութային ժառանգության մեջ: Ասաց, որ Պլովդիվի այցեքարտը հենց բազմամշակութայնությունն է: «Սա Եվրոպայի հնագույն քաղաքներից է: Այն հետաքրքիր է նաեւ իր ակտիվ ու հրաշալի հայկական համայնքով: Պլովդիվի հայերը մեծ դերակատարություն ունեն Պլովդիվի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Առանց հայ համայնքի` Պլովդիվը չէր լինի այդքան բազմազան »,-շեշտեց դեսպանը:

«Եվս մի բան, որ գեղեցկացնում է Պլովդիվը, դա հայկական ժառանգությունն է, որն այսօր կարող եք տեսնել այս լուսանկարներում: Մեծ հույս եմ տածում, որ այն միջոցառումների շարքում, որոնք տեղի են ունենալու հաջորդ տարի Պլովդիվում, կլինեն նաեւ հայկական միջոցառումներ, եւ Պլովդիվը եւս մեկ անգամ կդառնա այն կամուրջը, որը կկապի Հայաստանը եվրոպական մշակույթի հետ»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանն ընդգծեց, որ ցանկացած լուսանկարչի համար հետաքրքիր է քաղաք նկարելը:

Մանրամասները` տեսանյութում:
Րաֆֆի Յուրեջյանից տեղեկացանք, որ ծնվել է Լոնդոնում, մեծացել է ԱՄՆ-ում, վերջին 2 տարին ապրել է Իսպանիայում ու այժմ 6 ամիս է՝ տեղափոխվել է Հայաստան: Լուսանկարչությամբ զբաղվում է արդեն 8 տարի, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ: Ասում է, որ միշտ ցանկանում էր վերադառնալ Հայաստան, քանի որ մտածում էր, որ իր տունը հենց այստեղ է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































