Արցախում միանգամայն այլ տրամադրություններ են, քան Հայաստանում: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն, որը երեկ է վերադարձել Արցախից: Հանդիպել-զրուցել է Արցախի ղեկավարության հետ եւ հայաստանցի գործիչներին ու փորձագետներին փոխանցում է`հերիք է Արցախից անտեղյակությամբ, Արցախի մասին մտքեր հայտնեք, հայտարարություններ անեք, վարկածներ առաջ քաշեք, որոնք չեն կարող օժանդակել ոչ Արցախի խնդրի լուծմանը, ոչ էլ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների լավացմանը, հակառակը, սրում են դրանք: Այս համատեքստում նա անդրադարձավ այն մեկնաբանություններին, որոնք եղան Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից Լևոն Մնացականյանի հեռանալուց հետո:

Անդրադառնալով Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությանն էլ, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Արցախում սա առաջին ու վերջին փոփոխությունը չէ, պաշտպանության բանակի եւ շտաբի պետի հետ կապված բազմաթիվ փոփոխություններ են եղել, բայց դա չի նշանակում, որ Լեւոն Մնացականյանը դուրս է մնում Արցախի քաղաքական եւ ռազմական կյանքից: Ավելին, կարծում է, Լեւոն Մնացականյանին շատ լուրջ բնագավառ է վստահվել`արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը կարիք ունի ուժեղացման եւ զարգացման եւ առաջիկայում կհամոզվենք, որ Արցախի ԱԻՆ-ը շատ լուրջ դերակատարում է ունենալու: Ամենաբարձր մակարդակում հարաբերություններն, ըստ Գառնիկ Իսագուլյանի, շատ լավ են եւ ջերմ, անշրջելի դեպքերի մասին խոսակցություններն էլ, ասում է, ավելորդ են եւ իրականությունից դուրս: Դրա լավագույն ապացույցը նա համարում է Արցախին նախագահ Բակո Սահակյանի`ՊԲ նոր հրամանատար Կարեն Աբրահամյանին ներկայացնելիս հանձնարարականը`Աստված մի արասցե…մեր զորքերը մի ճանապարհ ունեն`առաջ գնալ:
«Կարող եք գնալ հյուսիսային ճանապարհով, տեսեք այն շինարարությունները, որոնք ընթանում են կրկնակի թափով,. դա պարզ ու հստակ պատասխանն է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ կուլիսների ետեւում, պատրաստվում են ինչ-որ զիջումների: Չգիտեմ`ով-ով, Արցախի հանրապետությունը որեւէ զիջելու բան չունի: Հայկական կողմը`ևս»,- հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ կադրային փոփոխություններ միշտ էլ հնարավոր են, քանի որ կյանքը զարգանում է եւ նոր կադրեր են պետք: Իսկ Լեւոն Մնացականյանի անունը, ըստ նրա, մենք դեռ շատ կլսենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































