Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ Նարինե Մկրտչյանի ու Նարինե Դիլբարյանի նախաձեռնությամբ բողոքի ցույց էին կազմակերպել, որին միացել էին նաեւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը:
Ցուցարարները հանրագիր ներկայացրեցին ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին: Հանրագրի տակ հանձնելու պահին ստորագրել էր 6 քաղաքացի: Ցույցն էլ մարդաշատ չէր:


Մեր հարցին՝ դուք համակարծի՞ք եք Նարինե Մկրտչյանի հետ՝ տիկին Դիլբարյանը պատասխանեց. «Այն, որ «Ելքը» հրաժարվեց ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ՌԴ-ի հետ ավելի վճռական քաղաքականություն վարելուց՝ ակնհայտ էր, հիմա աստիճանաբար եւս ինչ-որ քայլեր են արվում, որոնք կարծես թե նախկին քաղաքականության շարունակությունն են: Բայց նախկին քաղաքականության մեջ եւս ինչ-որ հիմքեր կային, մասնավորապես, Բելառուսի նախագահից իմացանք, որ Սերժ Սարգսյանի կողմից մերժվել է տարածքների հանձնումը, այսինքն, շատ մեծ ընդհանրացումներ անելու համար վաղ է»:
Հայաստանի եվրոպական կուսակցությունը ՌԴ դեսպանատան առջեւ էր պարզել մի մեծ ցուցապաստառ, որի վրա գրված էր՝ «Ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից»: Նարինե Դիլբարյանն ասաց, որ դա իրենց պաստառն է միայն. «Ես կարծում եմ, հիմա ճիշտ չէ դնել ռուսական ռազմահենակետային միավորումը ՀՀ-ից դուրս բերելու խնդիրը»:
Նարինե Դիլբարյանն ասաց, որ ուզում են իրենց ցույցով ցույց տալ ՌԴ-ին, որ Հայաստանում քաղհասարակությունը վրդովված է:

Նարինե Մկրտչյանն ասաց, որ սա ցույց է տալիս, որ ՌԴ-ն պատրաստ չէ լսել ՀՀ քաղաքացիների պահանջները, ՌԴ դեսպանությունը եւ Մոսկվան վստահ է, որ ՀՀ քաղաքացիների հետ կարող են վարվել այնպես, ինչպես Կալինինգրադի մարզի քաղաքացիների հետ. «Հայաստանը չի՛ եղել ու չի՛ դառնա Կալինինգրադի մարզ: Մենք անկախ պետություն ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































