Այսօր ՀՀ արտգործնախարարությունում «Մարդկանց թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի» թեմայով լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունն էր: Այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը: Մրցանակաբաշխությունը արդեն 7-րդ տարին է անցկացվում, այս տարի մրցույթին ներկայացվել է 9 լրագրողական նյութ:
Նյութերը գնահատել է լրագրողներից, փորձագետներից կազմված ժյուրին՝ 6 հոգուց բաղկացած:
ՀՀ-ում թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանն ասաց, որ այս տարիներին ԶԼՄ մրցանակաբաշխության շնորհիվ ավելացել է հետաքրքրվածությունը այս ցավոտ թեմայի վերաբերյալ. «Որքան շատ լուսաբանվում է, այնքան ավելի սկսում է նվազել հանցագործության դեպքերի թիվը»:

«Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրել է OC Media-ի լրագրող Արմինե Ավետիսյանը «Սեքս ստրկության զոհերը. թրաֆիքինգ» թեմայով հրապարակման համար:
Արմինեն հրապարակման մեջ ներկայացրել է մի հայ աղջկա՝ դայակի պատմություն, թե ինչպես են նրան առաջարկել ամսական 1000 դոլար աշխատավարձով փոքրիկ հայ երեխայի խնամել Հունաստանում, մտածել է՝ կգնա, նաեւ այնտեղ կգտնի իր կյանքի մեծ սերը, ռոմանտիկ ու լավ տրամադրությամբ, մեծ երազանքներով մեկնել է ծանոթի հետ Ստամբուլ, որտեղից էլ պետք է իբր գնային Հունաստան. «Ավտոբուսով գնացինք Ստամբուլ։ Այնտեղ նա ինձ տարավ մի հյուրատուն, ինքը գնաց մեզ համար Հունաստանի տոմսեր գնելու։ Գնաց ու…», այդտեղից կնոջ կյանքում սկսել են գերության օրերը: Ինչպես հրապարակման մեջ նշում է Արմինեն, «նրա ծանոթը այդպես էլ Հունաստանի տոմսեր չի գնել, փոխարենը ստել է, իբր ճանապարհին պայուսակը գողացել են, որտեղ եղել է իրենց ամբողջ փողն ու անձնագրերը։ Նա մի ելք է առաջարկել ՝ փոքրիկ սեքսուալ ծառայություն մատուցել մի ծանոթ տղամարդու, ով արագորեն օգնելու էր իրենց փաստաթղթերը վերականգնելու հարցում»:
«Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում մրցանակի արժանացան նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Դեմուրյանը «Թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 37 քաղաքացի. ինչպիսի շահագործման են ենթարկվում հայերը եւ որտեղ» հրապարակման համար, ինչպես նաեւ «Լեգալ Ինֆո» կայքի լրագրող Ելենա Արամյանը՝ «Թրաֆիքինգի դրսեւորումները ՀՀ-ում. աշխատանքային շահագործում» հրապարակման համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































