Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Հայաստա՞նն եք բերում». ԱԺ-ում թեժ կրքեր են, ԲՀԿ-ականները քիչ էր մնում անցնեին ձեռնամարտի՝ Մարուքյանի հետ

Հունվար 16,2019 11:55

ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատաբար խոսեց Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը իր ելույթում Բաբաջանյանին մեղադրեց ԱԺ ամբիոնից նեոադրբեջանական թեզերն առաջ տանելու մեջ: Նրա խոսքով՝ «Բաբաջանյանի ելույթը լսեցի ու ապրեցի ոչ այնքան հաճելի պահեր: Երեւի պարոն Բաբաջանյանը տեղյակ է, որ ես 3 տարի աշխատել եմ Անդրանիկ Մանուկյանի խորհրդական ու ես ունեմ մի քանի հարց՝ այն թեզերը, որ դուք ասացիք, հիմնականում ՀՀ ինֆորմացիոն դաշտ են ներմուծվել Ադրբեջանի կողմից, ի՞նչն է ձեզ ստիպում առհասարակ այստեղ՝ այս ամբիոնից նեոադրբեջանական թեզերն առաջ բրդել»:

Արման Աբովյանին բարկացրել էր այն, որ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձել էր նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը՝ մասնավորապես նշելով. «Նա, ով ըստ ուկրաինացի դիվանագետների, ում հետ առիթ ենք ունեցել հանդիպել տարիներ ի վեր, զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշներ ստանալով եւ տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով: Ըստ տեղեկությունների, այդ նույն անձը Ուկրաինայում Հայաստանի դիվանագիտական ներկայությունը տարիներ ի վեր ծառայեցրել է ավելի շատ ՌԴ-ի շահերը առաջ մղելով, քան ՀՀ-ի: Նա սերտ հարաբերությունների մեջ է եղել այդ երկրում ՌԴ դեսպան Զուրաբովի հետ, նրա հետ զբաղվել նկարների առք ու վաճառքով, դա էր պատճառը, որ Մայդանի հայտնի իրադարձություններից հետո ՀՀ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունները հասել են այսքան ողբերգական մակարդակի: Փառք, Աստծո, հիմա փորձ է արվում վերականգնել երկու երկրների միջեւ կորսված հարաբերությունները: Նույնը կարելի է ասել Վրաստանի մեր դեսպանի մասին»:

Արման Աբովյանն ասաց, որ Բաբաջանյանի բոլոր արտահայտությունները, որոնք եղան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացահայտ սուտ էին ու հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը. «Ես զարմացած եմ, չէի սպասում, ի՞նչն է ստիպում պարոն Բաբաջանյանին,այսօր ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում: Իսկ հարցրե՞լ եք ձեզ՝ այն իրադարձությունները, որոնք 2014-ին Ուկրաինայում տեղի են ունենում, փոքրամասնությունների պահով բավականին լուրջ զանգվածային զոհեր են ունեցել, բացի հայկական համայնքից, մեր համայնքը զոհ չի ունեցել»:

Աբովյանն ասաց. «Դուք քրեածին բառն օգտագործեցիք, մենք թույլ չենք տա, ավելի ճիշտ՝ ես թույլ չեմ տա, որ այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են մեր երկրի, մեր ժողովրդի համար, այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի: Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Ադրբեջանական կողմը Ուկրաինայում անում էր ամեն ինչ տեղեկատվական դաշտում,որ Անդրանիկ Մանուկյանին հետ կանչեն՝ նախկին իշխանությունների օրոք»: Աբովյանը հորդորում էր պատասխանել՝ ի՞նչն է ձեզ ստիպում շարունակական զրպարտությունով զբաղվել:

Էդմոն Մարուքյանը տեղից հորդորեց, որ իրենց ձայնի իրավունք տան, ԲՀԿ պատգամավորներից ոմանք միջամտեցին, կրքերն այնքան թեժացան, որ արդեն ԲՀԿ-ականներն ու Մարուքյանը փորձում էին ձեռնամարտի անցնել՝ միմյանց դուրս հրավիրելով: Նաիրա Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը փորձեցին կանգնել նրանց մեջտեղում՝ թույլ չտալով, որ բանը հասնի ֆիզիկական բռնության: Մարուքյանը բղավում էր՝ հին Հայաստա՞նն եք բերում: Մասնավորապես, Մարուքյանի հետ վեճի էր բռնվել ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031