Հնդկաստանում բնակվող մեր հայրենակցուհի Աշխեն Խաչատրյանն ահազանգում է` Մադրասում Խոջա Պետրոսի կառուցած առաջին բազմակամար կամուրջը, որի վրա դրված հուշաքարին լատիներեն, հայերեն ու պարսկերեն գրված էր կամուրջի կառուցման տարեթիվը եւ պատմությունը, վտանգի տակ է, քանի որ մի քանի տարի է՝ տեղում մետրոյի շինարարություն է ընթանում:
Աշխեն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 300 տարվա պատմություն ունեցող հուշարձան կամուրջի հուշաքարը պահպանելու վերաբերյալ ահազանգել է տարբեր ատյաններ, սակայն ապարդյուն: Խնդրել է գոնե ցանկապատել տարածքը, որովհետեւ, նրա խոսքով, կամուրջը աղբանոցի է վերածվել, իսկ հայերեն գրությունը սվաղվել է:

Հին կամուրջը 1960-ից չի գործում: Հայտնի հուշաքարը տեղադրված է նորակառույց կամուրջի վրա:
Աշխեն Խաչատրյանը կամրջի մասին ծավալուն տեղեկատվություն է տեղադրել նաեւ իր բլոգում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Աշխեն Խաչատրյանը:


















































