«Ցավոք սրտի, դեռ Հայաստանում կա այն մտայնությունը, որ հեղափոխություն էր՝ եղավ պրծավ, երկու ամիս կանցնի կամ մեկ տարի, հեսա խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արինք, հեսա բոլորը կմոռանան ինչի համար էինք հավաքվել եւ ամեն ինչ կսկսվի նորից: Ես խնդրում եմ նման հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից եւ որեւէ բան չի վերադառնալու հնին»,-այսօր համայնքների ներկայացուցիչների առաջ ելույթ ունենալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միակ բանը, որ կլինի՝ Հայաստանում կոռուպցիան եւ կոռուպցիոներներին արմատախիլ անելն է:

Վարչապետը անդրադարձավ համայնքներում ներդրումներ անելու խոչընդոտներին: Ըստ նրա, համայնքներում աչքի ընկնող օբյեկտները, որպես կանոն, համայնքի ղեկավարինն են կամ տեղակալինը. «Սա զարմանալի իրականություն է, զարմանալի է, որ այդ ամենը հանդուրժվում է լայն հանրության կողմից եւ ստանում ընտրական որոշակի զարգացում, որովհետեւ յուրաքանչյուր ընտրող ցուցակում հայտնվում է իր սեփականության ծավալներն ընդլայնելու»:

Համաժողովում վարչապետը համայնքների ներկայացուցիչներին ասաց, որ այս տարի էլ 10 միլիարդ դրամի սուբվենցիա կտրամադրվի համայնքներին: Ասաց, որ այդ գումարով պետք է զարգացնեն ենթակառուցվածքները, որպեսզի խթանվեն ներդրումային ծրագրերը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































