«Հարգելի պարոն ոստիկանապետ, հետեւելով ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ…»,- այսպես է սկսել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ուղղված իր դիմումը Դավիթ Սիմոնյանը (Կենտրոնի կյաժ): Հիշեցնենք, Հայաստանում իրավիճակի փոփոխության պատճառով, նա բողոք է ներկայացրել ոստիկանություն`ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ: Դիմումից հատվածն այսօր դատարանում հրապարակեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Այսօր դատարանում տուժողը պնդեց, որ որեւէ մեկը չի սպառնացել կամ խնդրել իրեն` դատարանում որեւէ բովանդակությամբ ցուցմունք տալ: Մի քանի անգամ կրկնեց` նախկինում սպառնալիքների ներքո ճիշտը չի ասել: Նա պնդեց, որ Նարեկ եւ Հայկ Սարգսյան եղբայրներն իրեն սպառնացել են, որ «չեմ ապրի, դրա համար էլ ասել եմ, որ Արթուրն է կրակել բոքսի հայաթում, պատահաբար: Արթուրը հիմա ՌԴ-ում է բնակվում, Սոչիում: Նարեկի եւ Հայկի հայրը, որին Սաշիկ են ասում, փակեց գործը»:
Իր նախաքննական ցուցմունքում տուժողը նշել է նաեւ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ներսիկ Նազարյանի անունը, որն, ըստ նրա, աջակցել է Ալեքսանդր Սարգսյանին`«գործը փակելու» համար: «Տասը տարի հաշմանդամ լինելով ապրել եմ վախով, հիմա որոշեցի ասել ճիշտը»,- այսօր դատարանում հայտարարեց տուժողը:
Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հայտարարեց, որ էական հակասություններ են առկա տուժողի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ: Նրա միջնորդությունը բավարարվեց եւ տուժողի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին:
Հակասությունները վերաբերում են Հայկ Սարգսյանի կողմից թմրամիջոց օգտագործելուն, նաեւ այլ դրվագներին:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































