Այսօր մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը , վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը եւ այլք:



Ռեկտորը ներկայացրեց համալսարանի գործունեությունը, ծրագրերը:

Պատվիրակության անդամները նաեւ այցելեցին կիսահաղորդիչների վերամշակման լաբորատորիա, որտեղ տեսալուսանկարահանումներն արգելվում են:
Հետո հայաստանյան պատվիրակները եղան Լյուվենի Առողջության կենտրոնում, որը Լյուվենի կաթոլիկ համալսարանի եւ IMEC-ի համատեղ ծրագիրն է: Կենտրոնի տնօրեն Իզաբել Ֆրանսուան վարչապետին ծանոթացրեց իրենց գործունեությունը, կենտրոնում կատարեցին շրջայց:
Faculty club ռեստորանում Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրեց: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս հուշագիրը կօգնի, որ աշխարհի լավագույն փորձը եւ լավագույն համալսարանների փորձը ներգրավեն մեր կրթական համակարգի բարեփոխումների համար. «Լյուվենի համալսարանը աշխարհի լավագույն ինովատիվ համալսարաններից մեկն է, Եվրոպայում լավագույնն է: Այս փաստաթուղթը դրանով է կարեւոր, որ մենք հիմք ենք դնում շատ լուրջ համագործակցության: Նախկինում եղել են համագործակցության նման փորձեր, բայց այս մակարդակով փաստաթղթի ստորագրում չի եղել»:


Մենք ճշտեցինք՝ այսինքն, վստահաբար, սա այն հուշագրերից չէ, որոնք ստորագրում են եւ մնում է դարակում՝ նախարարը պատասխանեց. «Միանշանակ, ոչ, տեսնում եք, մենք նման հուշագրեր քիչ ենք ստորագրում եւ ստորագրում ենք այն դեպքում, երբ կոնկրետ արդյունքներ ենք ակնկալում դրանից»:
Շուտով պատվիրակության անդամները Եվրոպական խորհրդարանում են լինելու, որտեղ ՀՀ վարչապետը ելույթ է ունենալու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ





















































