Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Բրյուսելում հանդիպում են ունեցել, հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Դոնալդ Տուսկը մասնավորապես իր խոսքում ողջունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակի համար ու ասաց. «Ձեր կառավարության արժեքների վրա շեշտադրումը եւ արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: Ես հիանում եմ ձեր ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսական զարգացման վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը»:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Դոնալդ Տուսկը նշեց. «Այսօր մենք նաեւ քննարկել ենք չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչպես գիտեք, ԵՄ-ն լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին եւ նրանց առաջարկներին: Ես ոգեւորված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների վերջին շփումներով եւ ողջունում ենք լարվածության ներկայիս նվազումը: ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն: Բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարեւոր քայլ է դեպի կարգավորում, որին մենք պատրաստ ենք աջակցել»:
Դոնալդ Տուսկը նաեւ շնորհակալություն հայտնեց վարչապետին` Արեւելյան գործընկերությանը Հայաստանի բերած արժեքավոր ներդրման համար. «Այս գործընկերությունը տոնում է իր 10-ամյակը մայիսին: Մենք համաձայնեցինք կրկին հանդիպել, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որը Արեւելյան գործընկերությունն իրականացրել է վերջին 10-ամյակի ընթացքում եւ Բրյուսելի մայիսյան հոբելյանական տոնակատարությունները: Այնպես որ, ես ակնկալում եմ ձեզ նորից տեսնել երկու ամիս անց»:
https://www.facebook.com/aravot.am/videos/491015101429274/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































