Կառավարության շենքի մոտ գրավատների ու փոխանակման կետի աշխատակիցներն ու սեփականատերերը բողոքի ցույց էին անում: Այս ոլորտում գործունեություն ծավալելու համար պետական տուրքը մոտ 60 անգամ թանկանում է. սա նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծով: Ցուցարարներն ասացին, որ փաստորեն 6000%-ով ավելանում է տուրքը: «Հիմա ուղղակի լիցենզիա ստանալու համար պետական տուրքը 100 հազար դրամ է, այս փոփոխությամբ կդառնա 6 միլիոն դրամ: Իսկ փոխանակման կետերի համար՝ 50 000 դրամ պետական տուրքը կդառնա 3 միլիոն դրամ»,-ասացին բողոքի ցույցի մասնակիցները: Նրանք համեմատություն արեցին՝ վարկային կազմակերպությունների պետական տուրքն ավելի ցածր է, քան փոխանակման կետերի եւ գրավատների: «Եթե օրենքն ընդունվեց, ուրեմն 1300 մարդ գործազուրկ կդառնա: Այս նախագծով ուզում են վերացնեն փոխանակման կետերն ու լոմբարդները, ու դաշտում մենաշնորհ ստեղծեն: Եթե մենք փակվենք՝ տարեկան մոտ 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե»,-ասացին նախագծից դժգոհողները:




Ցույցի մասնակիցների ներկայացմամբ՝ այս փոփոխությամբ կավելանա գործազրկության թիվը, քանի որ նշված ոլորտում գործող շատ տնտեսվարողներ չեն կարող աշխատել այդպիսի պայմաններում:

Ցուցարարների խոսքով՝ «Սա օրենք չէ, սա մահվան դատավճիռ է»: Նրանց պնդմամբ՝ ունիվերսալ վարկային կազմակերպությունների պետտուրքը չի փոփոխվել, մոտ 1 միլիոն դրամ է. «Սա արդար չէ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ



















































