ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունում է ՀՀ եւ Արցախի հանրապետության` համատեղ անվտանգության խորհրդի նիստը, բայց նիստից հետո արված ՀՀ վարչապետի եւ Արցախի հանրապետության նախագահի հայտարարություններում ինքը չի ստացել բոլոր հարցերի պատասխանները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահն ասաց. «Արցախի մասով կիսատ մնաց: Արցախի մասին ոչ մի պատասխան չեղավ: Ալիեւը ընդունեց Մինսկի խմբի հայտարարությունը, բայց մեր մասով լիարժեք անհասկանալի է, լիարժեք պատասխանը չկա: Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք շեշտադրումները պիտի լինեն: 29 տարի է հայ ժողովուրդը, արցախցին այդ խնդիրը լուծել է, պահել է`միջազգային բոլոր նորմերով`դե-ֆակտո, որպես անկախ պետություն: Այսօր ոնց որ Արցախն է, նույնն էլ Ադրբեջանն է: Դե-յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր պետք է գնալ բանակցությունների: Դա հենց այնպես չի կերտվել, մեր ժողովուրդը արյուն է թափել»:
Նա բնավ դեմ չէ, որ Արցախի անունից բանակցի Արցախի հանրապետությունը: Բայց ինքը ՀՀ եւ Արցախի ղեկավարից հստակ ցանկանում է լսել` եթե համանախագահներն ասում են, որ տարածքները պետք է վերադարձնել, ապա ինչի՞ դիմաց դա պետք է անել:
Համանախագահների հայտարարությունն էլ ինքը համարում է միակողմանի, որը չի բավարարում հայ ժողովրդին. «Այդ որոշումը միակողմանի է եւ անընդունելի»:
Aravot.am-ի հարցին`տպավորություն կա, որ հարցն այսպես է դրված`տարածքների վերադարձ կամ լայնածավալ պատերազմ, ի՞նչ անել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դա այդպես ասած չի, բայց այսօր հիմնական խնդիրը նա է, որ եթե Ադրբեջանը քսան տարի ձայն չէր հանում, զինվում էր, այսօր խոսելով`նա ոչ մի խաղաղ բանակցային գործընթացի մասին չի խոսում`միշտ ահաբեկելով զենքով: Մեր պետության, Արցախի ապագայի խնդիրն է այսօր կախված եւ կապ չունի`դիմություն-ընդդիմություն, պետք է համախմբվեն: Միայն լուծումը միասնականությունն է»: Նա գտնում է, որ այսօր որեւէ մեկը չի կարող իր ստորագրությամբ կամ համաձայնությամբ հարցին լուծում տալ:

Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































