Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկեսային արենան տեղափոխվել է ռեստորաններ ու սրճարաններ»

Մարտ 27,2019 12:30

Ճանաչված միմ-ծաղրածու Զոզոյի դիտարկումները

Հայկական կրկեսին, ավելի ճիշտ՝ կրկեսի հայ արտիստներին շատ-շատ ենք կարոտել: 2011թ. սկսված Երեւանի կրկեսի վերանորոգման ավարտին սպասում էինք 2014թ. վերջին, ինչպես նախապես տեղեկացված էր: Սակայն հսկայական ներդրումներ կլանած վերանորոգման ընթացքում որոշվեց հին շենքի փոխարեն կառուցել նորը եւ 2012թ. սեպտեմբերին կրկեսի շենքը պայթեցվեց: Հասկանալի է, որ կրկես կառուցելը մեկ-երկու տարվա գործ չէ: Տեղին է հիշեցնել, որ քաղաքակիրթ երկրների օրինակով՝ կրկեսը պետք է ունենա ավտոկայանատեղի, հյուրանոց, մեկից ավելի արենաներ, էլ չենք խոսում կենդանիների համար հատուկ պայմանների եւ այլնի մասին: Այսօր շինարարության պատասխանատուները հրաժարվում են նշել նորակառույց կրկեսի շենքի բացման ժամկետները, թեեւ «Առավոտի» հետ զրույցներում նրանք այդ ժամկետը սահմանել էին 2017թ., հետո՝ 2018…

Չենք կարող չնշել, որ երեւանյան կրկեսի բացակայության տարիներին այդ բացը «փոխհատուցվում» է 19-րդ դարի 30-ականներից գործող շապիտո կրկեսների ելույթներով: Նույնիսկ 2017թ. «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը Երեւանում ամառային ներկայացումները նվիրեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակին: Այդուհանդերձ, մենք սպասում ենք երեւանյան կրկեսի բացմանը:
Երեւանյան կրկեսն այս տարի 63 տարեկան է: Մեր երիտասարդությունը հայկական կրկեսի երախտավորների եւ նրանց գործունեության մասին, այդ թվում՝ վաստակավոր արտիստ Ա. Բաղդասյանի «Բրոնզե մարդիկ», ժողովրդական արտիստ Ս. Իսահակյանի գետաձիերով համարները եւ այլն, չափազանցված չի լինի, եթե ասենք, որ ճանաչում է Հենրիկ Մալյանի, Լեւոն Իսահակյանի 1963թ. նկարահանած «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլիմի շնորհիվ:

1985-ից Երեւանի կրկեսի գլխավոր ռեժիսոր, 2003-ից՝ տնօրեն Սոս Պետրոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի վերջո՝ այս տարի ե՞րբ է Երեւանի կրկեսը շահագործվելու, անվանի արտիստից ստացանք նեղսրտած պատասխան. «Դա ինձ ուղղելիք հարց չէ, այդ հարցը ուղղեք շինարարներին»: Մինչդեռ, այսօր, երբ ասում ենք «հայկական կրկես», այն ասոցացվում է ոչ միայն Սոս Պետրոսյանի, այլեւ նրա կրկեսային ընտանիքի անդամների անվան հետ: Բայց Սոս Պետրոսյանի սանը՝ միմ ծաղրածու Զոզոն (Զորիկ Համբարձումյան), որը 35 տարի առաջ Հայհամերգի էստրադային ստուդիայում ուսանել է Պետրոսյանի ղեկավարած (օրիգինալ ժանր) կուրսում, մեզ հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Կրկեսի շենքը պայթեցնելու առաջին օրվանից ասել էի՝ 2020-ը հաջողակ թիվ է: Մեր կրկեսը կբացվի հենց 2020-ին»: Եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Մալթայի, Արաբական Էմիրությունների, Քուվեյթի եւ այլ երկրների կրկեսային արենաներում հանդես եկած միմ ծաղրածուն հավաստիացրեց, որ մեծ հաշվով դանդաղում է շենքի շահագործումը, բայց այնքանով, ինչքանով ինքն է տեղեկացված՝ նման կրկես կերազեն ունենալ շատ երկրներ: Ամենակարեւորը՝ որ կրկեսը կառուցվում է ամեն մանրուք հաշվի առնելով: «Վստահ եմ, որ երեւանյան կրկեսը շահագործումից հետո կդառնա ոչ միայն զուտ կրկեսային, այլեւ տարբեր շոուներ անցկացնելու վայր»,- առանց փակագծեր բացելու ասաց մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում Զոզոն բարձրաձայնեց իր որակմամբ՝ այսօր միջազգային համբավ ունեցող արտիստների անուններ, այդ թվում՝ Արգենտինայում ստեղծագործող ծաղրածու Էդուարդ Հակոբյան, Ռուսաստանում կենդանավարժ Տիգրան Հակոբյան, դարձյալ Ռուսաստանում ակրոբատներ Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյաններ: Չմոռացավ նշել իր վարպետի՝ Սոս Պետրոսյանի ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ անուն առ անուն: Գովեստի խոսքեր շռայլելով Պետրոսյանի ղեկավարած կրկեսային ստուդիայի սաների հասցեին, մասնագետը խոսեց նաեւ «Հայորդաց տանը» գործող ակրոբատ Գեւորգ Գենոսյանի անվան կրկեսային ստուդիայի շնորհալի սաների մասին: Նշեց նաեւ, թե բացվելուց հետո բարդ է լինելու կրկեսի ղեկավարության համար, որովհետեւ նույն ծրագիրը ամիսներով հնարավոր չէ ներկայացնել, պետք է թարմություն, ինչը ենթադրում է թե հայ արտիստների արտասահմանյան հաճախակի հյուրախաղեր, թե հակառակը՝ արտասահմանից ժամանած խմբերի երեւանյան ելույթներ: Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ արդյոք անհրաժեշտ չէ՞ մարզերի երեխաներին հնարավորինս հաճախ մասնակից դարձնել երեւանյան կրկեսի ծրագրերին, Զոզոն մի տխուր դեպք մտաբերեց. «Ես գործընկերներիս հետ հաճախ եմ լինում մարզերում, Սիսիանի սահմանամերձ գյուղերից մեկում, երբ «Ֆանտազյոր» համարով ելույթ ունեցա, սկզբում դեմքիս սարսափ արտահայտող դիմակ էր, երեխաների մեծ մասը չիշիկ էին արել: Այսինքն՝ նրանք կրկեսի «այբուբենը» չգիտեն…»:

Զրույցի ընթացքում խոսեցինք նաեւ Զորիկ Համբարձումյանի՝ որպես մնջախաղացի գործունեության մասին: Հիշեցրինք, որ կրկեսային առաջին քայլերին հետեւել է նրա՝ մնջախաղացի գործունեությունը թատրոնում: Արտիստի պատասխանը կարճ էր եւ առանց մանրամասնելու. «1970-ականների սկզբներին Արսեն Փոլադովը հրավիրվեց մնջախաղի թատրոն՝ «փոխարինելու» Հենրիկ Պողոսյանին: 1990-ականների սկզբին երբ Փոլադովին նեղացրին, նա հեռացավ Հայաստանից: Մեկ-երկու տարի անց էլ ես հետեւեցի նրա օրինակին եւ այդ ժամանակից ի վեր ազատ արվեստագետ եմ»:

Հետաքրքրությանը՝ իրեն եւ մյուսներին վերջին շրջանում շատ ենք հանդիպում ռեստորաններում, հատկապես մանկական սրճարաններում, Զոզոն պատասխանեց, որ իսկապես՝ արենան տեղափոխվել է նման զվարճանքի վայրեր, որտեղ սիրով մասնակցություն են ունենում եւ ինքը, եւ գործընկերները, հետո էլ հավելեց. «Մտադիր եմ Հայաստանում ստեղծել միմ ծաղրածուի թատրոն»: Հարցին՝ բացի իրենից, քանի՞ ծաղրածու է տեսնում այսօր Երեւանում, մեր զրուցակիցն ասաց. «Միջոցառումներին հանդես եկող ծաղրածուները ընդամենը խաղավարներ են, իսկ ծաղրածուները երկուսս ենք՝ ես եւ Շպունտիկը (Արթուր Սարգսյան)»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

26.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031