Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահին ձերբակալվել է դատավոր. ԱԱԾ

Մարտ 28,2019 15:59 Share

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին նշված հոդվածով սահմանված կարգով տեղեկացվել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԱԱԾ

28.03.2019թ.

Հ.Գ. «Ժողովուրդը» երեկ հաղորդել էր, որ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Դատական իշխանության պաշտոնական կայքէջի համաձայն, 54-ամյա Հեբոյանը այդ դատարանում աշխատում է 1999-ից։

Iravaban.net-ը Գագիկ Հեբոյանին ներառել էր օրինախախտ դատավորների շարքում. Գագիկ Հեբոյանը 1999 թվականից աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Խորհուրդն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն դատական ակտ` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ և կարող է համոզված լինել, որ խոչընդոտներ չեն ստեղծվի այդ դատական ակտի կատարման առնչությամբ, ինչը թիվ ԿԴ3/0129/02/11 և թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործերի պարագայում բացակայում է, քանի որ Դատարանը միևնույն 12 գույքի վերաբերյալ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ կայացրել է իրար հակասող դատական ակտեր: Խորհուրդը որոշել է, որ, արդարադատություն իրականացնելիս, Դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031