Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Որոշ նախկին օլիգարխներ եթե մտածում են, որ կարողանալու են մանիպուլիացիաների դաշտ մտնել՝ սխալվում են»

Ապրիլ 04,2019 12:21

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ ավտոգազի թանկացման խնդրին: Արդեն քանի օր է՝ ԱԳԼՃԿ-ները թանկացրել են գազի գինը: Փաշինյանը կառավարություն էր հրավիրել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, որն էլ ի պատասխան վարչապետի հարցի, ասաց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես ամսական միջին հաշվարկներով՝ վերջին տարիներին գազի խտությունը եղել է 7.1, վերջին երեք-չորս օրվա ընթացքում «Գազպրոմ Արմենիայից» գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է: Կոտոլյանի բացատրությամբ՝ տնտեսվարողները պարտավոր էին իրենց ծրագրային փոփոխությունների մեջ դա ներառեին, բայց չեն արել, արդյունքում սպառողները ստիպված են եղել ավելի վճարել: Կոտոլյանը վստահեցրեց, որ տնտեսվարողներին զգուշացրել են փոփոխություն կատարել իրենց մոտ և ճիշտ խտություն տեղադրել, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի գումար վճարել: Թե ինչու տնտեսվարողները այդ ծրագրային փոփոխությունները չեն արել՝ Փաշինյանի հարցին Կոտոլյանը պատասխանեց, որ ԱԳԼՃԿ-ների ղեկավարների հետ զրուցել են, խնդրել են, որ ամեն օր հստակ գազի խտություն ներմուծեն ծրագրի մեջ: Ըստ Կոտոլյանի՝ դա որակում են որպես միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում:

Ապա վարչապետը դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ սա կարո՞ղ է կապ ունենալ վերջին մեկ տարվա ընթացքում գազալցակայաններում ստվերի կրճատման և չարաշահումների դեմ պայքարի գործընթացի հետ, հնարավո՞ր է, որ գազալցակայանների տերերն այսպիսով փորձում են ինչ-որ սադրիչ գործարքներով իրենց խելքով որոշակի դժգոհություն հարուցել: Անանյանն էլ պատասխանեց, որ տեսականորեն հնարավոր է: Նա պարզաբանեց, որ գազալցակայանները դեռևս 2008 թվականից ընդունված կառավարության որոշմամբ հնարավորություն ունեն և կիլոգրամներով, և մետր խորանարդներով ցուցմունքներ ապահովել: Բայց այդ խտության ցուցմունքն ամեն օր առավոտյան մարդկային գործոնով է պայմանավորված: Այսինքն, ըստ Անանյանի, ամեն առավոտ համակարգիչ մուտք է արվում խտության գործակից:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ լուրեր էին տարածվել, թե իբր կառավարության ինչ-որ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է եւ դա է պատճառը, որ այս ամենը տեղի է ունեցել: Փաշինյանն ասաց, որ նման որեւէ գործողություն տեղի չի ունեցել, որ օրենքը ԱԺ-ում ընդհանրապես դեռ չի քննարկվել: «Ինչքան վերլուծում եմ, այստեղ կարող ենք այլ խնդրի հետ գործ ունենալ. ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել: Եվ այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես էլի ուզում եմ կրկնել՝ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են էս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ բոլորին զգուշացնում է եւ վերջին անգամ, որ իրենց բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, որովհետև շատ դաժան հակահարված կստանա: Նա իրավասու մարմիններին հանձնարարեց շատ արագ արձագանքել այս իրավիճակին, գտնել ու շատ խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, ովքեր այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել:

Դիմելով Անանյանին, վարչապետն ասաց. «Եվս մեկ բան՝ ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք: Չլինի Հայաստանում գազալցակայան, որը ՀԴՄ չխփի: Եթե պետք է այնպես լինի, որ գազալցակայանները ՀԴՄ խփեն ու սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի ու պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930