Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցնդաբանությունների չեմ պատասխանում, երբեք որևէ հանքի հետ կապ չեմ ունեցել». Արամ Սարգսյան

Ապրիլ 04,2019 18:16

«Հայ ոսկի» միավորման նախկին գլխավոր ինժեներ, ՍԻՓԱՆ 1-ի նախկին տնօրեն Գագիկ Պետրոսյանը պնդում է, որ «Հայ ոսկի» միավորումն իր Մեղրաձորի և Սոթքի հանքավայրերով 200 տոննա ոսկու պաշարներով, ներառյալ Արարատի ոսկու կորզիչ ֆաբրիկան, վաճառվել է Վազգեն Սարգսյանի ընտանիքի կողմից։ «Հայ ոսկի» միավորման վաճառքի պարզաբանման մեջ նշված է. «Արամ և Արմեն Սարգսյանները հանցագործ մեթոդներով հափշտակել են 49% ՍԻՓԱՆ 1-ի բաժնեմասերը, որը շահագործում էր Լիճքեվազ և Տերտերասար ոսկու հանքավայրերը ընդհանուր 20 տոննա ոսկու պաշարներով, նույնպես վաճառել են՝ ստանալով տասնյակ միլիոններ, իսկ պետությանը՝ ոչինչ»:

Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հիմա այս գործով նախաքննություն է գնում. և՛ ԱԱԾ-ն, և՛ գլխավոր դատախազությունն իրենց տրամադրած տեղեկությունների հիման վրա կատարում են ուսումնասիրություններ: Մեզ հետ զրույցում Գագիկ Պետրոսյանը հավաստիացրեց՝ հարյուր տոկոսով այդ գործարքներն արվել են այդ ընտանիքի կողմից: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմքով եք պնդում, նա պատասխանեց. «Եթե մեր հատուկ ծառայությունները մի քիչ հետաքրքրվեն, իրենց հինգ րոպե է պետք այդ ամենը ճշտելու համար»:

Հարցին՝ նշում եք՝ Արամ և Արմեն Սարգսյանները հափշտակել են 49% ՍԻՓԱՆ 1-ի բաժնեմասերը, որը շահագործում էր Լիճքեվազ և Տերտերասար ոսկու հանքավայրերը, ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել, Գագիկ Պետրոսյանը պատասխանեց. «30 տոկոսը եղել է իմը, 19 տոկոսը եղել է իմ հորաքրոջ տղայինը և իրենք, ամեն մեթոդ օգտագործելով, դա մեզնից խլել են 2004-ին ու վաճառել այն մարդկանց, որոնք գնել են «Հայ ոսկի» միավորումը: Լիճքեվազ և Տերտերասար ոսկու հանքավայրերի 51 տոկոսն եղել է իրենցը, 49 տոկոս փայը եղել է մերը: Հանքերի շահագործումը 0-ից արել եմ անձամբ ես: Անձամբ ես եմ այդ Սիփան 1-ը կառուցել: Երկու հանք էր՝ իր գործարանով և ամեն ինչով: Համբարձումյան Սիլվան, որ խոսում է, նույն հիմնարկի մասին է խոսում. իմ ստեղծած հիմնարկը: Դրա վրա է գնում այդ պատմությունը: Այդ հիմնարկներն էլի նույն ձևի հազար կեղտոտ մեթոդներով մեզնից տարել են: 30 տոկոսն իմը, 19 տոկոսը՝ հորաքրոջս տղայինը»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ էիք մինչև հիմա լռում, Գագիկ Պետրոսյանը պատասխանեց. «Վտանգներ են եղել ամենաբարձր մակարդակի, անախորժություններ, կռիվ է եղել, բայց օգուտ չկա: Նրանց ընտանիքը հովանավորվել է իշխանությունների կողմից՝ նախագահից սկսած, որ իրենց դեմ ինչ անեիր, հաջորդ օրը դու չէիր լինելու: Հիմա Նիկոլ Փաշինյանն եկավ, մտածեցինք՝ լավ կլինի, բայց ինքն էլ մի բանի պտուղ չէ, նույն պատմությունն է»:

Մեր հարցին՝ ինչի՞ց եք ենթադրում, որ նույն պատմությունն է, Գագիկ Պետրոսյանը պատասխանեց. «Դետալային նամակ ենք ուղարկել Նիկոլ Փաշինյանի անունով, իրենք այդ նամակն ուղարկել են գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազությունն ուղարկել է 6-րդ բաժին՝ նախաքննության, հետո մի քառասունհինգ օր ուշացումով մի կերպ կարողացել ենք այդ որոշումը վերցնել: Այն էլ այդ որոշումը եղել է լրիվ ցնդաբանություն, որում անմիջապես դիմել ենք գլխավոր դատախազությանը, հետո ԱԱԾ ավելի գլոբալ ուսումնասիրության համար: Էս մեր ազգային հարստությունն է: 220 տոննա ոսկու պաշարներ. դա այս հանրապետության հանքարդյունաբերության ոլորտն է, որոնք կազմում են մեր Հայաստանի ընդերքի եղած ոսկու պաշարների 80-90 տոկոսը, և այդ հարստությունը ընկել է շան ու գելի բաժին, որ այսօր մեր պետությունը համ դրա կարիքն ունի, համ հնարավորությունը, որ այդ ամենը ծառայեցվի մեր պետության շահերի համար: Ես սրա համար եմ ասում, որ Փաշինյանի մեղավորությունը կա: Ընդերքը պետության սեփականությունն է: Արարատյան դաշտավայրում եղել են շատ գործարաններ, կոնսերվայի գործարան, ջրերի գործարան, ձկնաբուծարան, ցեմենտի գործարան, բոլորը լափել են ու հիմքից կերել: Դրա մասին դեռ չեմ շեշտում»:

Aravot.am-ը կապ հաստատեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ: Նա մեր հարցերին ի պատասխան ասաց. «Ցնդաբանությունների չեմ պատասխանում, երբեք որևէ հանքի հետ կապ չեմ ունեցել: «Հայ ոսկի» միավորման հետ որևէ կապ երբևէ չեմ ունեցել: Ես աշխատել եմ միայն ու միայն ցեմենտի բիզնեսում: Ես երբեք որևէ հանքավայր չեմ ունեցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930