Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների գործունեությանը վերաբերող հարցեր

Ապրիլ 04,2019 19:11 Share

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 4-ին կազմակերպել էր  աշխատանքային քննարկում պատգամավորներ Ալեն Սիմոնյանի,  Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել եւ օրենսդրական փաթեթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների եւ ՏՄՊՊ հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Նախագծերով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում: Ներկայումս վիճակախաղեր կազմակերպվում են երկրի ողջ տարածքում:

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, նշել է, որ այն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ խաղամոլության դեմ պայքարին

Նշվել է, որ նախագծերը նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը: Օրենսդրորեն սահմանվում է նաեւ այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու օրինական կարգով սահմանափակել մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունը

«Գուդվին Բետ» ՍՊԸ, «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ, «Աջարաբեթ», «Դիջիգեյմ» ընկերությունների պատասխանատուները նշել են, որ խաղասրահների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կստեղծվեն ընդհատակում գործող խաղասրահներ: Կհանգեցնի մոտ հազար աշխատատեղի կրճատման եւ շուրջ երեք հարյուր անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման:

Նրանք առաջարկել են թույլատրել յուրաքանչյուր մարզում եւ Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկական կետի գործունեություն ծավալել:

ՀՀ ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչ Արման Մանասերյանը տեղեկացրել է, որ վիճակախաղ կազմակերպող ընկերությունների համար պետական տուրքը կազմում է 500 մլն դրամ եւ, եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա պետական բյուջե մուտքերը կնվազեն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկել  է մինչեւ հանձնաժողովում  օրինագծերի փաթեթի քննարկումը ներկայացնել առավել համապարփակ տեղեկատվություն ֆինանսական խնդիրների վերաբերյալ:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930