Այսօր Սոչիում մեկնարկեց «Ատոմէքսպո 2019» 11-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը:
Առաջին անգամ Հայաստանի ատոմակայանն էլ «Ատոմէքսպո»-ում տաղավար ունի:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեցին տաղավարի ներկայացուցիչները, էքսպոյի շրջանակներում ակնկալում են համագործակցության առաջարկներ՝ նոր եւ շուկայում արդեն գործող ընկերություններից, որոնք հայկական ՀԱԷԿ-ին նոր, որակապես ավելի բարձր տեխնոլոգիաներ, ապրանքներ ու ծառայություններ կառաջարկեն: «Ատոմէքսպո» համաժողովը հանդիսանում է միջազգային խոշոր ցուցահանդեսային եւ գործնական հարթակ, որտեղ քննարկվում են ատոմային ոլորտների ներկայիս վիճակը, ձեւավորվում են հետագա զարգացման միտումները: Այս տարի համաժողովի թեման է՝ «Ատոմային տեխնոլոգիաները լավ կյանքի համար»: Միջոցառմանը մասնակցում են 74 երկրներից՝ 3600 հյուրեր: Համաժողովը կազմակերպվում է 2009 թվականից սկսած՝ «Ռոսատոմ» կորպորացիայի նախաձեռնությամբ: Համաժողովն այս տարի նույնպես ուղեկցվում է ցուցահանդեսով: Ընկերությունները ցուցադրում են տեխնոլոգիական իրենց լուծումներն ու արդյունքները: Ցուցադրված սարքավորումները կիրառելի են բժշկության, տիեզերանավերի, ավիացիայի, ատոմային ռեակտորների եւ այլ ոլորտներում: Հայկական պատվիրակության կազմում են Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը եւ այլք:
Միջոցառումը տեղի կունենա 2 օր՝ ապրիլի 15-16-ը, որի ընթացքում կկազմակերպվեն՝ ատոմային էներգետիկայի զարգացման, նորագույն ատոմային տեխնոլոգիաներ, նոր ապրանքներ ու լուծումներ, պատասխանատու մոտեցում բնապահպանությանը, ապագայում առանց ածխաջրերի էներգետիկա եւ այլ թեմաներով կլոր սեղաններ: Հայկական պատվիրակությունը նույնպես մասնակցելու է նիստերին եւ կլոր սեղաններին, որի ընթացքում տեղի կունենան երկկողմ բանակցություններ պետական եւ գործարար շրջանակների հետ:
«Ատոմէքսպո 2019» համաժողովի բացումը մեկնարկեց ծառ տնկելով: Օլիմպիական ավանում բացվեց «Կանաչ քառանկյունին», որը խորհրդանշում էր ատոմը, ջուրը, արեւն ու քամին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: