Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն արդեն ապացուցել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք ունի. Պյոտր Սվիտալսկի

Ապրիլ 17,2019 18:01

«Ուզում եմ Հայաստանի կառավարությանը շնորհավորել` կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքի համար: Մեկ տարվա ընթացքում Հայաստանն ուրիշ երկիր է դարձել: Սրա համար պետք է հպարտ լինի ոչ միայն կառավարությունը, այլ նաև  ժողովուրդը»,- այս հայտարարությունն այսօր արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով երկօրյա համաժողովի ժամանակ:

Դեսպանն ասում է` վերջին դեպքերը ցույց են տվել, որ կոռուպցիոն ռիսկը դեռ շարունակում է գոյություն ունենալ եւ կառավարությունը պետք է երկարատեւ ու համառ պայքար մղի. «Այս հարցում ԵՄ-ն Հայաստանի կողքին է եւ պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ գործիքները»:

Կոռուպցիայի դեմ պայքարում դեսպան Պյոտր Սվիտալսկին կարեւոր է համարում ինստիտուցիոնալ կողմը. «Հայաստանի կառավարությունը քննարկում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը։ Դրա համար որոշ ժամանակ կպահանջվի: Այդուհանդերձ, այդ մարմինը պետք է ուժեղ եւ արդյունավետ լինի, իրավապահ կառույցների հետ համատեղ աշխատանք տանի։ Այս հարցում մեզ վրա կարող եք հույս դնել»:

Դեսպանի գնահատմամբ, Հայաստանին անհրաժեշտ է հանրային ու հասարակական հարաբերությունների նոր մշակույթ, անհանդուրժողական միջավայր կոռուպցիայի նկատմամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարում Պյոտր Սվիտալսկին կարեւորեց նաեւ քաղաքական կամքի առկայությունը՝ նշելով, որ Հայաստանն արդեն ապացուցել է, որ այդ կամքն ունի։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930