Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում հայության դեմ տեղ գտած ցեղասպանության փաստը «Ղարաբաղյան կոնֆլիկտի» կարգավորման խնդրում ունի առանցքային նշանակություն

Ապրիլ 30,2019 09:00

Քսանութ տարի առաջ խորհրդային Ադրբեջանը խորհրդային ռազմական ուժերի ուղղակի մասնակցությամբ հայության դեմ սկսեց ոճրագործության մի նոր փուլ: «Օղակ» օպերացիան հայության հաջորդ մի հատվածի ոչնչացման ծրագիր էր, դրան բնորոշ հայության արժանապատվության և տեսակի հանդեպ առանձնակի դաժանության ու բռնության մշակույթով, հայկականության ամեն մի հետքի բնաջնջմամբ և հայի ստեղծածի կողոպուտով, մարդկության հանդեպ ոճրագործության հովանավորման և անպատիժ ժխտելու տրամաբանությամբ:

Խորհրդային միության փլուզման պահին Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված տարածքում հայության նկատմամբ ցեղասպանության իրականացման համար ստեղծվեցին պայմաններ:

Խորհրդային տարիների ողջ հակահայ ընթացքը այդ տարածքում լարել ու սրել էր հայության ինքնապաշտպանական բնազդը, ու վերջինը սպասում էր ազդակի: Արցախյան շարժումը հայության ինքնապաշտպանական բնազդի արտահայտումն էր՝ օր առաջ համախմբելու, դիմակայելու և կասեցնելու սպասվող տոտալ ցեղասպանության ալիքը: Չլիներ Արցախյան շարժումը, Ադրբեջանի տարածքում հայությունը կունենար 1915-ին համարժեք կորուստներ:

Արցախի ինքնորոշման կամարտահայտությունը ցեղասպանությունից փրկության իրավաքաղաքական քայլ էր:

Խորհրդային տարիներին Ադրբեջանում հայության նկատմամբ ցեղասպանական քաղաքականությունը տարվում էր թեև քողարկված, բայց հետևողական: Արդյունքում, ամեն տարի 8-10 հազար հայեր հարկադրաբար հեռանում էին, որոնք հիմնականում պահպանում էին սեփականությունն ու մշակութային ու ավանդապաշտական կապերը:

«Ադրբեջանը միայն ադրբեջանցիների համար» այս քաղաքականությամբ բացահայտորեն ձուլվել են ազգեր, ժողովուրդներ, էթնիկական խմբեր, ձուլվել են հարկադիր մեթոդներով, նրանց նկատմամբ անբարենպաստ միջավայր ստեղծելով, մարդահամարների ընթացքում ազգերի սահմանադրական իրավունքները ոտնահարելով, խեղաթյուրելով վիճակագրական իրական տվյալներն ու բուն վիճակագրությունը: Այս ճանապարհով ձուլվել են ու շարունակում են ձուլվել քրդերն ու թալիշները, թաթերն ու լեզգիները, դաղստանցիներն ու իրանցիները, ցախուրիներն ու ավարները և այլ փոքրաթիվ ժողովուրդներ: Ադրբեջանում փոքրաթիվ այլ ազգերի ձուլումը սերտորեն միահյուսվել է քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ բռնությունների և, առաջին հերթին, հայ բնակչությանն իրենց բնակավայրերից բռնագաղթեցնելու ակտիվ քաղաքականության հետ: Շատ դեպքերում, եթե արտագաղթն արտաքուստ կամավոր բնույթ է կրել, միևնույն է, հիմքում գերազանցապես եղել է հարկադրանքը:

ԽՍՀՄ-ի փլուզման ֆոնին տարածքը էթնիկ հայերից մաքրելու ցանկությունը և Ադրբեջանական ԽՍՀ-ի իշխանությունների հակահայ քաղաքականությունը 1987 թվականից ստացավ բացահայտ ու ագրեսիվ բնույթ: Ցեղասպան բռնարարքները Չարդախլույում, Սումգայիթում, Գանձակում ու Գարդմանքում, Նախիջևանում, Բաքվում, Ադրբեջանի հայաբնակ բոլոր վայրերում հայաթափեցին հայկական այդ օջախները: 1987-1992 թվականներին Ադրբեջանի շուրջ 700 հազարանոց հայությունը ցեղասպանության սպառնալիքի ներքո բռնի տեղահանվեց, ցրվեց աշխարհով մեկ, դարձավ փախստական:

Հայությունը ինքնապաշտպանական գործողություններով 1992 թվականին կասեցրեց ցեղասպան մեքենայի առաջխաղացումը դեպի Արցախ: Բռնկվեց արցախյան ինքնապաշտպանական պատերազմը, որը ցեղասպանությունից ռազմական ճանապարհով պաշտպանության միակ ելքն էր տարածաշրջանի ողջ հայության համար:

Առաջին հայ փախստականները Ադրբեջանական ԽՍՀ-ից հայտնվեցին 1987 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին, երբ տեղական իշխանությունների կողմից իրականացրած բռնության արդյունքում հայաթափվեց Չարդախլու գյուղը (Ադրբեջանի Շամխորի շրջան):

1988 թվականի փետրվարի 22-ին հարձակում եղավ Ասկերանի, այնուհետև փետրվարի 26-ին` Կիրովաբադի հայկական թաղամասի վրա: Ասկերանի վրա հարձակումը կասեցվեց, Կիրովաբադի հայահոծ թաղամասը ետ շպրտեց հրոսակներին: Փետրվարի 27-ին հարձակում եղավ Սումգայիթի բազմաբնակարան շենքերում ցաքուցրիվ ապրող հայերի վրա, որտեղ ինքնապաշտպանությունը անկազմակերպ էր ու ցրված:  Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 27-29-ը հայերի զոհերի թվի մասին տվյալները ամենատարբեր են: Համաձայն պաշտոնական տվյալների՝ զոհվել են 26 հայեր, իսկ Անդրո Կանչալովսկու ֆիլմում նշվում է, որ զոհվել են «միայն մի գիշերվա ընթացքում ավելի քան 100 հայեր», Հր. Ուլուբաբյանը նշում է 100-ից ավելի զոհեր, իսկ դիվանագետ և գրող Վ. Կրիվոպուսկովը «Ըմբոստ Ղարաբաղ»-ում խոսում է մի քանի հարյուր հայ զոհերի մասին:

Սումգայիթի և Բաքվի դիահերձարաններում 100-ավոր հայերի դիակների գոյության մասին այդ օրերին վկայում էին ոչ միայն իրենց հարազատներին դրանց մեջ փնտրող հայերը, այլև չոր փաստերը: Սումգայիթում հայազգի զոհերին տրված մահվան վկայականների համարներում ամենափոքր թիվը 187-ն էր, ամենամեծը` 648-ը: Փաստորեն, 88-ի փետրվարի 27-29-ը այդ քաղաքում առնվազն 461 մարդ էր մահացել, քանի որ մահվան վկայականները համարակալվում են տարեսկզբից և հաջորդաբար: Նախորդ երկու ամիսներին Սումգայիթում ընդամենը 186 մահ էր գրանցվել, և պարզ էր, որ երեք օրում այդքան բնական մահ լինել չէր կարող: Իսկ արևելագետ Զիա Բունիաթովը վկայել է Սումգայիթում զոհված 700 հայերի մասին:

1988 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը Կիրովաբադի հայությունը ինքնապաշտպանական գործողություններ էր վարում ադրբեջանական ցեղասպան հրոսակների դեմ: Սումգայիթյան դեպքերի կրկնությունը Գանձակում բացառելու նպատակով նոյեմբերի 21-ի գիշերը հայերը ստեղծում են «Գանձակ» կոմիտեն՝ որպես ինքնապաշտպանության ղեկավար մարմին: Այդ օրերին ոչ պաշտոնական տվյալներով սպանվել են 32 մարդ, բռնաբարել են 11 հոգու, անհայտ կորել են 60-ից ավելի անձիք, ծանր վիրավորել են 74 հոգու, կողոպտել և այրել են 1376 բնակարան: Քաղաքի քաղկոմի շենքին բարձրացվել է Թուրքիայի դրոշը, որը ծածանվել է 36 ժամ: Կիրովաբադի ինքնապաշպանության շնորհիվ Գանձակի ավելի քան 48 հազար հայ բնակչությունը հիմնականում փրկվել է ֆիզիկական բնաջնջումից և մինչև 1989 թվականի օգոստոս հնարավորություն ստացել անվտանգ տեղափոխվել Հայաստան և Արցախ ու այլ պետություններ:

1988 թվականից սկսած Բաքվում մերթ ընդ մերթ բռնկվում էին հակահայ գործողությունները, որոնք ուղեկցվում էին հայերի սպանությամբ, 1989 թվականի դեկտեմբերին մեծաթիվ հայեր սպանվեցին, իսկ 1990 թվականի հունվարի 13-19–ին Բաքվի կենտրոնական հրապարակում հանրահավաքները բացահայտ կազմակերպված ու ուղղորդված տարան հայ ազգաբնակչության ջարդերը: Պաշտոնական տվյալներ այդ օրերին հայազգի զոհերի թվի վերաբերյալ չկան, Ադրբեջանի Ազգային ճակատի նախկին անդամ Զարդուշտ Ալիզադեն վկայում է 56 զոհերի մասին, կան վկայություններ, որ զոհերի թիվը եղել է 150-300, ՀՀ ԱԺ` <<1988-1992 թ.-ի ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր և ԼՂԻՄ-ի (հետագայում՝ ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին>> հայտարարության նախագծում (Պ-412-24.12.2008-ԱՀ-012/0,  09. 2018) խոսվում է 400 զոհերի մասին: Իսկ արևելագետ Զիա Բունիաթովը վկայել է 9000 զոհված հայերի մասին:

Բազմաթիվ ուսումնասիրություններում 1987-92 թվականներին Ադրբեջանում հայության դեմ կատարվածը գնահատվել է ցեղասպանություն: «Սումգայիթում գործնականում ցեղասպանություն է տեղի ունեցել: Այնտեղ մարդկանց սպանել են այլ ազգության պատկանելության համար»,- այսպես է գնահատում Սումգայիթում հանցագործությունը հետաքննած ԽՍՀՄ դատախազական խմբի հետաքննիչ Վ. Ռեվան, «Ցեղասպանության օրինակ (որը որակվում է որպես «Գործողություններ, որոնք կատարվում են ամբողջությամբ կամ մասնակիորեն որեւէ ազգային, էթնիկ, ռասային կամ կրոնական խմբին որպես այդպիսին ոչնչացնելու մտադրությամբ) հանդիսանում է Սումգայիթում հայկական կոտորածը»,-վկայում է «20-րդ դար և Աշխարհ» հանդեսը, Մոսկվա, 1988, թիվ 12:

1990 թվականի փետրվարի 13-ին Հայկ. ԽՍՀ ԳԽ-ն ընդունեց որոշում դատապարտել հայկական ջարդերը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ այլ շրջաններում, գնահատել դրանք որպես հայ ժողովրդի ցեղասպանության շարունակություն և պահանջել ԽՍՀՄ ԳԽ-ից ճանաչել և դատապարտել 1990 թ. հունվարին հայերի ցեղասպանությունը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ մի շարք այլ բնակավայրերում: Այս որոշումը այժմ էլ մնում է ուժի մեջ, սակայն 3-րդ հանրապետությունը որևէ ձևով այս որոշումը չի վերահաստատել: 2008 թվականի ՀՀ ԱԺ մշակած նախագիծը այդպես էլ չհաստատվեց: Չճանաչված Արցախի հանրապետության Ազգային ժողովը ընդունեց որոշումներ, որտեղ այդ բռնությունները որակում է ցեղասպանություն:

1987-1992 թվականների իրողությունը հայության դեմ արդեն 130 տարիներ ձգվող ցեղասպանության մի դրվագն է: Բազում զուգահեռները տարբեր ժամանակային փուլերի միջև ակնբախ են:

1987-92 թվականների ինքնապաշտպանական գործողությունները կոչեցին «Ղարաբաղյան կոնֆլիկտ», այնպես ինչպես 1905 թվականի փետրվարից մինչև 1906 թվականի հուլիս ընկած իրադարձությունների բովանդակությունը խաթարելով, կոչեցին «հայ-թաթարական պատերազմ»: Ալ. Նովիկովը հակադարձում է, որ դա հայ-թաթարական պատերազմ չէր, այլ նպատակային կազմակերպված` անզեն, ազգությամբ հայ բնակիչների ջարդ էր զինված թաթարների կողմից: Նովիկովը այդ օրերի կազմակերպիչ է նշում տեղական ցարական իշխանություններին, նաև պանիսլամիզմ քարոզող կենտրոններին:

1987-1992 թվականները Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Շահումյանում հայ բնակչության դեմ տեղ գտած իրողությունը հիշեցնում է 1918 -1920 թվականների Բաքվում, Գանձակում, Շուշիում, Նախիջևանում և այլուր կատարվածը, երբ հայ բնակչությանը դաժանորեն սրի քաշեցին թուրքական օկուպանտները և մուսավաթական բանդաները: 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի հայ բնակչության ջարդը տևեց երեք օր ու գիշեր: Սպանվեցին, անհետ կորան, փողոցներում շուրջկալներով գերվեցին հազարավոր խաղաղ, անզեն հայ բնակիչներ:

«Օղակ» օպերացիայի ականատեսները շահումյանցիների հետ կատարվածը հաճախ են համեմատում 1915 թվի հետ:

Վիճակագրական տվյալներով՝ hին hայկական Նախիջևանում 1917 թվականին ապրում էր 53.9 հազար hայ (բնակչության ընդհանուր թվակազմի շուրջ 40 տոկոսը): Բայց արդեն 1926 թվականի մարդահամարի տվյալներով այդ թիվը շուրջ 5 անգամ նվազեց՝ կազմելով ընդամենը 11276 մարդ: Լեռնային Ղարաբաղի նման Նախիջևանը, որպես ինքնավար Հանրապետություն, հանձնվեց Ադրբեջանին: Բանն այն է, որ թուրքական երկրորդ ներխուժման և բնակչության զանգվածային ջարդերից հետո Նախիջևանի հայ բնակչությունը 1920 թվականին ստիպված էր անվերադարձ թողնել իր հայրենի օջախը: 1918—1920 թվականների ջարդից փրկված և իրենց տուն ու տեղը լքած նախիջևանցի հայերին, հետագայում, խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, ադրբեջանական իշխանություններն արգելեցին վերադառնալ իրենց բնօրրանը, թեև նրանց տները դատարկ էին, դռները փակ, հողերն անմշակ: Ադրբեջանի և Նախիջևանի կենտգործկոմներր բազմիցս կայացրած հատուկ որոշումներով ամեն կերպ արգելք հարուցեցին նրանց վերադարձին:

Այսօր էլ թե՛ Մադրիդյան փաթեթում, թե՛ դրա հիմքում ընկած Միջազգային ճգնաժամային խմբի ռեկոմենդացիաներում արգելվում է, ընդհանրապես, հայերի վերադարձն ու բնակեցումը իրենց հայրենիքի մի բեկորի վրա` ցեղասպանից ազատագրված տարածքներում:

1988 թվականի մայիսին Ղազախում, որտեղ մի քանի հայ ընտանիքներ դեռ մնացել էին, կիրառվեց «ազգային բռնության մշակույթը», երբ երկու դեռահաս հայուհիների և նրանց հղի քրոջը մերկացրել էին, տանում էին փողոցով ու ստիպում նրանց պարել, մինչև որ ինչ-որ տարեց ադրբեջանցիներ նրանց փրկեցին: Նման մշակույթը կիրառվել էր նաև 1909-ին Կիլիկիայում և 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդերի ժամանակ: Այս յուրահատուկ «ազգային բռնության մշակույթը» մոտ 70 խորհրդային տարիներ պահվում էր քողարկված:

Կեղծիքը կարևոր գործիք է նաև ցեղասպանության ընթացքը շարունակական պահելու համար. վերջին 30 տարիներին կեղծիքի հիմքի վրա տարված հակահայ քարոզի արդյունքում այսօր ադրբեջանական հանրության հոգեվիճակը նույնն է՝ ինչ 1987-92 թվականներին էր, ինչ թուրքական հանրության հոգեվիճակը 1915-ին էր :

Ցեղասպանությունը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հանդեպ այսօր էլ ընթացքի մեջ է: 1987-92 թվականներին Ադրբեջանում հայության դեմ տեղ գտած ցեղասպանության փաստը քողարկելու համար կեղծեցին, որ իբրև կոնֆլիկտը սկիզբ է առել 1992 թվին, ներադրբեջանական կոնֆլիկտը ներկայացնում են իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ, ցեղասպան ռեժիմին տվել են զոհի կարգավիճակ, իսկ իր կյանքի իրավունքը իրացրած հայությանը` ագրեսորի կերպար: Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյության և նրանց իրավունքների վերականգման հարցը նպատակային շրջանցել ու դուրս են թողել «Ղարաբաղյան կոնֆլիկտի» միջազգային քննարկման դաշտից, նրանց հանդեպ 30 տարիներ շարունակական տանելով անհամաչափ քաղաքականություն: Ցեղասպանից ազատագրված տարածքներին տվել են «օկուպացված» կարգավիճակը և մերժել են այդ տարածքների իրավատիրոջ` հայ փախստականների, այդտեղ ապրելու իրավունքը, շրջանառության մեջ են դրել հորինված պատմություններ, սկզբունքներ, մոտեցումներ, աղճատված թվեր:

Փախստականների, «կոնֆլիկտի» պատճառով կրած վնասների, փոխհատուցման համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսված գործընթացը կրկին հենվում է կեղծ ու շինծու իրողության վրա: Այդ դատական գործընթացը անհամաչափ ու կանխորոշված է, և օր առաջ պետք է կասեցվի: Չի կարող հայությունը փոխհատուցել Ադրբեջանի՝ իր իսկ քաղաքացիների հանդեպ հրահրած ցեղասպանական պատերազմի հետևանքները: 1987-94 թվականների ողջ վնասի հատուցումը ցեղասպան Ադրբեջանի պարտքն է թե՛ ադրբեջանցի փախստականների, և թե՛ հայ փախստականների հանդեպ, ինչպես որ Գերմանիան փոխհատուցեց երկրորդ համաշխարհային պատերազմի համար:

1987-92 թվականներին Ադրբեջանում հայության դեմ տեղ գտած ցեղասպանության փաստը «Ղարաբաղյան կոնֆլիկտի» կարգավորման խնդրում ունի առանցքային նշանակություն, և Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգնման հանգամանքը առանցքային գործոն է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Անվտանգության և խաղաղության հաստատման համար պահանջված են, որպեսզի հայկական 3-րդ հանրապետությունը ճանաչի 1987-1992 թվականների Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ իրականացրած ոճրագործությունները ցեղասպանության շարունակություն, իրականացնի հետաքննություն՝ վեր հանելու այն ուժերին, որոնք կազմակերպել, իրականացրել ու շարունակական են պահել հայության դեմ ցեղասպանությունը վերջին 30 տարիներին, տարածքները ճանաչի որպես ցեղասպանից ազատագրված տարածքներ, նպաստի այդ տարածքների իրավատիրոջ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգմանը և նրանց հնարավորություն տրվի շարունակելու այդ տարածքներում վերաբնակվել, նպաստի և աջակցի Արևելյան Այսրկովկասի ժողովուրդների հետ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների երկխոսության կայացմանը, ինչը կվերաբերի տարածաշրջանում ապագա անվտանգ ու ներդաշնակ կյանքի, ժողովուրդների և մարդու իրավունքների վերահաստատմանը, այդ ժողովուրդների ինքնությունը հարգող և զարգացնող համակեցության կազմավորմանը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930