Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Սանասարյանի փաստաբան. «ԱԱԾ տնօրենի հայտարարությունից հետո չենք բացառում, որ խոչընդոտներ լինեն մեր իրավունքները վերականգնելու պայքարում»

Ապրիլ 30,2019 18:50

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին կոչ է անում իր գործով՝ չխոսի: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց պետական վերահսկողական ծառայության (պաշտոնավարությունը ժամանակավոր կասեցվել է) պետ  Դավիթ Սանասարյանը: Արդյոք որեւէ խնդիր ունի Վանեցյանի հետ, հարցին ի պատասխան Սանասարյանը պատասխանեց. «Իմ եւ Արթուր Վանեցյանի հարաբերությունները որեւէ ձեւով պետք է կապ չունենան այս քրեական գործի հետ: Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում: Եվ առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ այս թեմայով ինքը չխոսի: Երկրորդը, մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ եւ որեւիցե խնդիր չի եղել: Բայց կոչը շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր որ իրավասու չեն խառնվելու, չխառնվեն, որովհետեւ դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»:

Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանն էլ Վանեցյանի հայտարարությունների մասին ասաց՝ «Մենք մտահոգված ենք, որ ԱԱԾ տնօրենը հրապարակավ ելույթ է ունենում այս հարցի շուրջ եւ խոսում է նախաքննության հիմնավորված լինելու մասին: Կարծում ենք այստեղ բարձրաստիճան պաշտոնյան նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող չէ, քննիչն անկախ է»: Ըստ փաստաբանի, եթե ԱԱԾ կառույցի ղեկավարը նման մեկնաբանություններ է անում, ապա հաշվի առնելով ԱԱԾ տնօրենի դերը իրավապահ մարմիններում, չի բացառվում, որ խոչընդոտներ լինեն. «Մենք մեր իրավունքները վերականգնելու պայքարում չենք բացառում, որ խոչընդոտներ ունենանք  այն պարագայում, երբ ԱԱԾ տնօրենը մեկնաբանություններ է անում եւ դատարանները, դատախազությունը կաշկանդված լինեն ԱԱԾ տնօրենի հայտարարությունից հետո»:

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել հեմոդիալիզի գնման գործընթացում ՊՎԾ աշխատակիցների եւ Սանասարյանին մեղադրանք առաջադրելով:

Սանասարյանն էլ ավելացրեց՝ «Վանեցյանի այն հայտարարությունը, որ գործը կգնա դատարան, ուղղակի չի կարելի նման բան ասել: Կարող է գործը չգնա դատարան, դա դիտարկվում է ճնշում: Ով ասաց, որ գործը դատարան է գնալու, ով ասաց, որ գործն այն փուլում, այն վկաներին, որոնց մենք ենք վկայակոչում, լսելուց հետո գործը չի փակվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930