Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է քննարկվել «Իմ քայլի» փակ նիստում Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու դիմումի մասին

Ապրիլ 30,2019 23:03

«Երեկվա նիստին ընդամենը քննարկվեց այդ հարցը, փորձեցինք հասկանալ: Նյութերն ուղարկվել են նաև դատախազություն»,-Aravot.am-ի հարցին՝ երեկ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին ի՞նչ է քննարկվել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված խնդրանքի մասին՝ քրեական հետապնդում հարուցել և պատգամավորական մանդատից զրկել Գագիկ Ծառուկյանին և այդ հարցով արդյոք որոշում կա՞, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և  ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։

Արփի Դավոյանը փաստեց, որ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ԱԺ նախագահին: Դառնալով որոշում կայացնելու մասին հարցին՝ պատգամավորն արձագանքեց. «Երեկվա քննարկման մասով առայժմ որպես այդպիսին կոնկրետ որոշում չկա, որ կարող ենք հրապարակել: Տեսնենք՝ իրավապահներն ինչպես կարձագանքեն: ԱԺ նախագահի պատասխանն էլ շուտով կլինի։ Այս հայտարարությունները և′ մեզ մոտ, և′ հանրության մոտ արդարացի հարցեր են առաջացնում։ Կարծում եմ, որ պարզաբանում առաջին հերթին պետք է պահանջել իրենցից, որովհետև հարցի հասցեատերը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է»:

Հարցին՝ ՔՊ-ում քննարկվե՞լ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ կապված այն պատմությանը, որ նա նախկինում ՀՀԿ անդամ է եղել, սակայն թաքցրել է այդ փաստը, Արփի Դավոյանը պատասխանեց. «Այդ թեմային տեղյակ եմ այնքանով, ինչքանով Դուք ֆեյսբուքյան գրառումներից: Գևորգ Պապոյանի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել»: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասաց, որ տեղյակ չի եղել Գևորգ Պապոյանի կուսակցական պատկանելությունից: Մեր հարցին՝ նման միջադեպերը չե՞ն ստվերում իշխող կուսակցության գործունեությունը և արդյոք ՔՊ-ում չե՞ն պատրաստվում այս հարցով որոշում կայացնել և դիրքորոշում հայտնել, Արփի Դավոյանն արձագանքեց. «Մենք պետք է լսենք Գևորգ Պապոյանի մեկնաբանությունն այդ ամենի վերաբերյալ և հասկանանք՝ նա ինչ է ասում»:

Արփի Դավոյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930