«Պետտուրքի մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխությունների հարցն այսօր քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում: Ինչպես հայտնի է, նախագծով նախատեսվում էր ներկրվող ցեմենտի եւ հումքի՝ կլինկերի վրա պետտուրք կիրառել: Հետո որոշվեց կլինկերի վրա պետտուրք չկիրառել, ինչի առնչությամբ բողոքի ալիք բարձրացրեց Գագիկ Ծառուկյանը, որը «Արարատցեմենտի» սեփականատերն է: Հիմա որոշել են ցեմենտի վրա կիրառվող պետտուրքի վրա դնել գործողության ժամկետ մեկ տարի, որ հասկանան, թե շուկան ինչպես է փոխվում: Քանի որ շատ հարցերի պատասխանները պարզ չէին, հանձնաժողովում ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ հարցն ուսումնասիրելու, կողմերի հետ հանդիպելու համար: Ծառուկյանը դժգոհում էր, որ կլինկերի վրա կիրառվող պետտուրքը հանվում է: Նրա բողոքներն այս առումով տեղ չհասան, որովհետեւ պետտուրքը հանվում է:

Կլինկերից արտադրվող ցեմենտի գնագոյացման հաշվարկը նույնպես նախարարը ներկայացրեց, ասաց, որ մեկ տարվա ընթացքում եթե տեսնեն, որ բոլորը սկսել են կլինկերից ցեմենտ արտադրել, նշանակում է մի բան ճիշտ չեն հաշվել, եթե իրանական ցեմենտի իրացումը տեղական շուկայում շարունակում է ահագնացող չափերով ավելանալ, կամ շուկայից դուրս գալ, նշանակում է՝ էլի մի բան ճիշտ չեն հաշվել:

Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ իրենք առաջարկել են մեկ տարի ժամկետով այս փոփոխությունները մտցնել, որ աշխատատեղերը շոկի պատճառով չփակվեն. «Հաջորդ անգամ, երբ կգանք ԱԺ, կհասկանանք որոնք են սահմանային ինքնարժեքի թվերը, կորոշենք՝ այդ 14 հազար պետտուրքը կմնա՞, թե՞ կփոխվի»:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը բողոքեց, որ սա վատ ազդակ է ներդրողների համար, վատթարացնող նորմ են մտցնում, «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ սրանով պաշտպանում են ներդրողներին, որ մրցակցային պայմաններն են պաշտպանվում: Թանդիլյանը հույս հայտնեց, որ իշխող մեծամասնությունը Հայկ Սարգսյանի կարծիքը չի կիսում: ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունն օրենքի նախագծի մշակմանը չի մասնակցել՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը հայտարարեց. «Մեր էսօրվա արած քայլերը՝ արտերկրյա կլինկեր կոչվածը մեր երկիր ներկրելը…մեր ներքին արտադրողի նկատմամբ նման ձեւի մոտեցումները լրիվ չհասկացվող երեւույթ է: Գալու է ժամանակը, որ էս քայլերով ընդհանրապես չենք ունենա ներքին արտադրող: Ինչի՞ մասին ենք խոսում, երկու խոշոր արտադրողներ ունենք, որոշել եք էս երկու խոշոր արտադրողներին ասենք՝ գիտեք ինչ կա, փակվեք հլը շուտ: Էսի լա՞վ մոտեցում է: Մինչեւ որոշեք աշխատում է, չի աշխատում՝ էդ ամեն ինչը կորցնելու եք: Էսօրվա էս քայլը բերելու է հետագայում մեր գործարանների փակման, կամ էդ գործարանները կսկսեն ձեւաչափը փոխել, աշխատատեղերի մեծ կորուստներ են լինելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































