Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ Սվիտալսկու հայտարարության մասին. Դեսպանը լրացրեց մինչ այդ հնչած ավելի կոշտ գնահատականները

Մայիս 22,2019 15:50

Երեկ տեղեկատվական դաշտը ողողվեց Նիկոլ Փաշինյանի վերջին գործողությունները դատապարտող և իրենց անհանգստությունն արտահայտող հայտարարություններով, որոնք արել էին տաբեր միջազգային կառույցներ՝ ԵԽԽՎ, Եվրախորհրդարան, ԵԺԿ և այլն:

Օրվա վերջ լրատվամիջոցները տարածեցին նաև Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկու գնահատականները, որոնք տեղում իշխանական ագիտպրոպը փորձեց դարձնել վերջին օրերին Հայաստանի միջազգային հեղինակությանը Նիկոլ Փաշինյանի պատճառած վնասի սփոփման քարոզչական սպեղանի:

Իհարկե, դեսպանի այդ հայտարարությունը ամենակոշտերից չէր, սակայն իշխանական մակարոնները իրենց ականջներից հեռացած ու դիվանագիտական հաղորդագրությունները կարդալ իմացող մարդկանց համար ակնհայտ էր, որ՝

1. ԵՄ դեսպանը հիմնական շեշտադրումն արեց Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման հարցի վրա, ինչի անհրաժեշտության մասին երկրորդ կարծիք չի հնչել այս օրերին որ Հայաստանում, ոչ արտերկրում: Դեսպանը ողջունեց միայն վարչապետի ցանկությունը զբաղվելու այդ խնդիրներով և ոչ թե դատարանների շրջափակման ապօրինի կոչը:

2. Դիվանագիտորեն խուսափելով հստակ գնահատականներ հնչեցնելուց, դեսպանը միաժամանակ շեշտադրեց, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները պետք է իրականացվեն երկրի սահմանադրության և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

3. Դեսպանն այս համատեքստում հատուկ հիշեցրեց Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կատարման անհրաժեշտության մասին, պարզ ակնարկելով նաև, որ փաստացի համաձայնագիրը դեռ մնացել է թղթի վրա և կառավարությունը այն կյանքի կոչելու համար լուրջ քայլեր դեռևս չի նախաձեռնել:

4. Նիկոլ Փաշինյանի հանդեպ գուցե ունեցած անձնական համակրանքով հանդերձ՝ դեսպանի ուղերձային շեշտադրումները հստակ էին և գալիս էին լրացնելու միջազգային դերակատարներից մինչ այդ հնչած ավելի կոշտ գնահատականները:

Հ.Գ. Ի դեպ, որքանով տեղյակ եմ, ԵՄ դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրանում այս տարի : Վստահ եմ, որ Եվրոպական միությունը լավ է գիտակցում Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման համար բանիմաց, անձնական նախընտրություններ և կանխակալ վերաբերմունք չունեցող, ԵՄ օրակարգը զանազան այլ դերակատարների ու հիմնադրամների օրակարգերից տարբերող և պրոֆեսիոնալ դեսպանի նշանակման կարևորությունը:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031