ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության այլ պատգամավորների հետ համահեղինակությամբ նոր նախագիծ է ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը:
Նախագծով առաջարկվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել: Ըստ հիմնավորման, ՀՀ-ում կենդանիների խեղման, ոչնչացման, խոշտանգման դեպքերը բազմաթիվ են: Նման երեւույթները, արարքները, հատկապես ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը կամ տարածելը մեծ թվով մարդկանց պատճառում է խոր հոգեբանական վնաս՝ առաջացնելով հասարակության զայրույթը: 2018թ. հոկտեմբերից 2019թ. մարտ ամիսներին ՀԿ-ների կողմից ներկայացված վիճակագրության համաձայն, շներին մեքենայից կապելու եւ կենդանի-կենդանի քարշ տալու 2 դեպք է գրանցվել նույն տարածքում տարբեր կատուների ձախ աչքը հանելու 4 դեպք, ոչ սպանելու նպատակով՝ օրինակ 4 թաթերին կրակելու 12 դեպք, սպանելու նպատակով կրակելու եւ կիսասատկած փողոցում թողնելու 28 դեպք, մեկ ամսական ձագուկ կրակելու եւ աղբամանի մոտ գցած թողնելու 5 դեպք, շնամարտի արդյունքում պարտված շանը կրակելու 4 դեպք:
Գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կարգավորումներով նշված դաժան արարքների վերաբերյալ նախատեսվում է տուգանք, որը բավարար չէ, որպեսզի կանխվեն նման դեպքերը:

Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կառավարությունն, ընդհանուր առմամբ, կողմ է նախագծին. «Իրենք առաջարկել էին խստացնել թե՛ տուգանքի չափը, թե՛ պատժաչափը՝ մինչեւ 3 տարի ազատազրկում: Դա ընդունելի է մեզ համար, այնուհետեւ երկրորդ գրությունն ենք ստանում՝ քանի որ մենք իսկապես նպատակադրված ենք, որ այս հանցագործության քրեականացում ունենանք, սակայն գտնում ենք, որ ներկայացված նախագծով իրավիճակային կարգավորում է տրվում, հիմա նախագիծ է մշակվում, որով համալիր լուծում է տրվելու, ուստի այս նախագծերը կարող են հանդիսանալ այդ փաթեթի անբաժանելի մասը»:

Նա ասաց, որ պատրաստ են հիմա հետաձգել նախագիծը մինչեւ 2 ամիս, բայց դա չպետք է լինի ցավոտ հարցը ականջի հետեւ գցել: Եթե կառավարության աշխատանքն արդյունավետ չեղավ, նորից իրենց նախագիծը դնելու են շրջանառության մեջ:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց զգուշացրել են՝ եթե կառավարության ետ չհամաձայնեցնի այդ հարցը եւ նախագիծը հիմա դնի շրջանառության մեջ, մերժելու են, դրա համար ստիպված են այն հետաձգել: Բայց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախագիծը կառավարության կողմից դրական եզրակացություն է ստացել, ուստի մեծամասնությունը կողմ կքվեարկի, չեն մերժի:
Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այդ դեպքում չի հետաձգի: Շուտով հանձնաժողովում կանցնեն հարցի բովանդակային քննարկմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































