Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գիտության, կրթության մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով: Հարցն արդիական էր դարձել հատկապես Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի՝ եթերում ասված հայտարարությունից հետո, ըստ որի, դատավոր Ալեքսանդր Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջը արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից, ընդ որում, ատենախոսության ղեկավարը երկուսի դեպքում էլ նույն մարդն է եղել: Ազարյանի ատենախոսությունից հետո նույն արտագրությունը եղել է այլ դատավորի ատենախոսության մեջ:

Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գոգյանին հարցրեցին՝ փոքր-ինչ կասկածելի է, թե ինչո՞ւ դատավոր Ազարյանի ատենախոսության գրագողության թեման քննարկման առարկա դարձավ հիմա՝ Ռոբերտ Քոչարյանի գործից հետո: Գոգյանը պատասխանեց. «Հիմա հարց է՝ իմ ասածին հավատո՞ւմ եք, թե՞ չեք հավատում, այդ մարդը կա, ինքը գիտությունների թեկնածու է, նա զայրացած էր, ասում էր՝ ինքը չի կարող ատենախոսություն գրել»: Գոգյանն անուններ չտվեց, ասաց, որ Ազարյանի ատենախոսության տեքստը համընկել է Վազգեն Ռշտունու եւ Տիգրան Նահապետյանի ատենախոսությունների հետ:
Կարդացեք նաև
Գոգյանն ասաց, որ ցանկացած մարդու անուն կարող են իրեն տալ, ինքը ստուգի եւ կպատասխանի՝ գրագողություն կա՞, թե՞ չկա, որեւէ քաղաքական հետապնդման մեջ ինքը չի ներքաշվում:
Հարցին՝ հիմա Ազարյանը կզրկվի՞ կոչումից՝ Գոգյանը պատասխանեց. «Ոչ չի զրկվի, մեխանիզմ չկա»:
Հարցին՝ այս ամեն ինչի իմաստը ո՞րն է, եթե կոչումից չի զրկվելու՝ նա պատասխանեց, որ այս ամեն ինչի նախաձեռնողը ինքը չի:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































