Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձերի, միջին խավի եւ հանրային քաղաքականության սոցիալական թիրախների մասին

Հունիս 06,2019 17:00

Վերջերս մեր հանրությունը տարբեր առիթներով քննարկում է աշխատավարձերի հարցը։ Քննարկումները վերաբերում են թե՛ աշխատավարձի կառուցվածքին (պետական հիմնարկներում պարգեւատրումների հարաբերությանը հիմնական աշխատավարձին եւ դրանց հաճախականությանը), թե՛ չափերին (կարող մասնագետներին պետական եւ մունիցիպալ հատվածում «շուկայական գներով» ներգրավելու խնդիրը), թե՛ բաշխմանը (հիմնականում հարկման արդարացիության տեսակետից)։

Կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքում որոշումներ ընդունելիս անհրաժեշտ է ունենալ լայն քննարկում Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ընդհանուր պատկերի, այդ ոլորտում սոցիալական ցանկալի թիրախների մասին։ Առանց հավակնելու վերջնական պատասխաններ տալու, փորձեմ տալ մի քանի գնահատականներ իրավիճակի վերաբերյալ, որոնք, հուսով եմ, հանրային դիսկուրսը կլրացնեն թվային բաղադրիչով եւ առավել տեղեկացված հանրությունը կտա հանրության լայն շերտերի համար ընդունելի լուծումներ։

Սկսենք պատկերի գնահատումը միջին միտումներից։ Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ-ում միջին աշխատավարձն այժմ 177,239 դրամ է։ Այս վիճակագրությունը, թեեւ ճշգրիտ, սակայն շատ օգտակար չէ։ Մասնագետները որպես թե՛ աշխատավարձի, թե՛ անշարժ գույքի կենտրոնական միտման (central tendency) ցուցանիշ օգտագործում են մեդիանան կամ միջնարժեքը, իսկ շատ երկրներ հիմնականում հրապարակում են միջնարժեքը։ Այն բաժանում է թվերի շարքը երկու մասի այնպես, որ հավասարապես մի կեսում լինեն իր արժեքից մեծ, իսկ մյուսում՝ փոքր թվային ցուցանիշներ։ Կարելի է նաեւ նկարագրել այն որպես աճման կամ նվազման կարգով շարված բոլոր արժեքների միջինը։ Ինչո՞ւ է այս ցուցանիշը նախընտրելի միջինից։ Որովհետեւ տների արժեքներն ու աշխատավարձերը հավասարաչափ չեն բաշխված (հարուստներն անհամեմատ ավելի շատ միավոր գույք եւ եկամուտ ունեն) եւ միջինը միշտ ավելի մեծ է, քան միջնարժեքը։ Օրինակ, եթե մի փողոցում, ասենք կա 99 2-սենյականոց տուն եւ 1 102-սենյականոց տուն, ապա տների սենյակների քանակի միջնարժեքը կլինի 2, իսկ միջինը՝ 3։ Քանի որ տվյալ փողոցի բնակչին ավելի լավ բնութագրում է 2-սենյականոց տունը, քան տվյալ դեպքում անգամ գոյություն չունեցող 3-սենյականոցը, միջնարժեքը շատ ավելի բնութագրական է։

ՀՀ-ում պատկերի գնահատման համար կհամադրեմ տվյալների երկու ոչ անձնականացված աղբյուր՝ 2017 թվականի ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչական ռեգիստրի տվյալները, որը ժամանակին քննարկում էի որպես կառավարության անդամ, եւ վերջերս Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատուժի հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազան»։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տվյալներին հաճախ չեն վստահում, պնդելով, թե տնտեսվարողները թաքցնում են բարձր եկամուտները եւ այն չեն հաղորդում, թեեւ կենսաթոշակային առկա համակարգի պայմաններում դա ձեռնտու չէ աշխատողներին։ Համադրենք այդ տվյալները ԱՎԾ հարցման տվյալների հետ, որոնք գաղտնի են եւ որեւէ այլ մարմնի կողմից երբեւէ անվանական չեն օգտագործվել։ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատավարձերի ռեգիստրի 2017-ին ինձ տրամադրված տվյալներով, ՀՀ-ում անվանական աշխատավարձի բաշխվածությունը հետյալն էր.

 

Աշխատողների քանակ Միջին աշխատավարձ, դրամ
0 դրամ 18,305 0
1-75,000 դրամ 126,157 54,718
75,001-120,000 դրամ 212,328 93,702
120,001-180,000 դրամ 107,908 146,015
180,001-250,000 դրամ 58,165 211,365
250,001-500,000 դրամ 64,307 338,505
500,001-750,000 դրամ 14,051 601,073
750,001-1,000,000 դրամ 5,057 860,103
1,000,001-1,500,000 դրամ 3,803 1,201,607
1,500,001-2,000,000 դրամ 1,272 1,718,583
2,000,001-ից ավել դրամ 1,452 3,910,877

Այս տվյալների հիման վրա հաշվենք միջնարժեքը (107,140 դրամ) եւ միջինը (159,230 դրամ), եւ ներկայացնենք այս աղյուսակը գրաֆիկական տեսքով։

ՀՀ եկամուտների բաշխվածությունը՝ եվրոպական բաշխման խորապատկերով

Ստացվող պատկերը դասական է՝ թե՛ կորի տեսքով, թե՛ միջնարժեք/միջին հարաբերակցությամբ։ Կորի տեսքի պատկերը ամբողջովին համահունչ է եվրոպական մի շարք երկրներում առկա բաշխվածության հետ, որը ներկայացրել եմ որպես գրաֆիկի խորապատկեր։ Միջնարժեքի եւ միջինի հարաբերությունը (2/3) եւս ամբողջովին համադրելի է միջազգային փորձի, օրինակ, ԱՄՆ հետ:

Համադրենք ՊԵԿ ռեգիստրի կորը ԱՎԾ միկրոտվյալների կորի պատկերի հետ։

2017 թ ՊԵԿ և ԱՎԾ տվյալների համադրությունը

Պատկերն էապես չի շեղվում՝ ակնհայտորեն աշխատավարձի մասով ՊԵԿ-ն ունի լավորակ տվյալներ։ Ընդ որում, համադրելի են նաեւ միջնարժեքը եւ միջինը։ Սա շատ կարեւոր է, քանի որ ԱՎԾ հարցումը հարկումից հետո (առձեռն ստացված) եկամտի մասին է։ Ըստ ԱՎԾ հարցման, «մաքուր աշխատավարձի» միջնարժեքը 80,000 դրամ է, որի անվանական արժեքը 108 հազար դրամ է՝ համահունչ ՊԵԿ 107 հազար դրամին։ Ավելին, ՊԵԿ-ի տվյալներն ավելի շատ աշխատակիցներ են արձանագրում հատկապես 250,000-500,000 դրամ անվանական աշխատավարձի տիրույթում, որի արդյունքում ՊԵԿ միջակայքային տվյալների հիման վրա հաշվարկված անվանական միջին աշխատավարձն ավելի բարձր էգ 160 հազար դրամ՝ ԱՎԾ միկրոտվյալներում արձանագրված 140 հազարի փոխարեն։

Այս դետալներով ընթերցողին ծանրաբեռնում եմ միայն մեկ պատճառով. ցույց տալու, որ եթե անգամ ՊԵԿ աշխատանքի վարձատրության հաշվետվություններում կան շեղումներ (իսկ դրանք իրապես կան՝ հատկապես փոքր բիզնեսում), ապա ՊԵԿ աշխատավարձային հաշվետվությունների տվյալների շեղումները համակարգային բնույթ չեն կրում, եւ թերհայտարարագրման գործոնը թեեւ առկա է, սակայն ընդհանուր պատկերը չի փոխում։ Այսինքն, ունենք ընդհանուր առմամբ հավաստի տվյալներ ու թեեւ հարկային ռեժիմների փոփոխությունները իրապես խթաններ կփոխեն մի շարք մարդկանց համար, ընդհանուր եկամուտների առումով էական տեղաշարժեր, հատկապես 2018-ին ՊԵԿ հաշվետվություններում ավելացած շուրջ 60 հազար աշխատակիցներից հետո, ակնկալել պետք չէ։

Հանրային քաղաքականության համար աշխատավարձի/եկամուտների խարիսխ, կամ հենարանային ցուցանիշ, որի նկատմամբ գնահատում են հարկերի դրույքաչափերը, նվազագույն աշխատավարձը, պետական եւ մասնավոր աշխատավարձերի համադրությունը, եւ այլն, համարում են աշխատավարձի միջնարժեքը։ Կարող ենք ամրագրել, որ այն այժմ 118 հազար դրամ է (177 հազարի 2/3-ը): Թեեւ 2018 թ. ԱՎԾ միկրոտվյալները դեռ հրապարակված չեն, քանի որ այժմ ԱՎԾ-ն օգտագործում է ՊԵԿ վարչական ռեգիստրը իր հրապարակումների համար, կարող ենք հնարավորինս վստահությամբ ասել, որ միջին հայաստանցին ստանում է ամսական 118 հազար դրամ անվանական աշխատավարձ։

Շատ հաճախ քաղաքականության իրականացման համար հարկ է պատկերացնել թիրախին։ Աշխարհում կառավարությունների մեծամասնությունը, եթե անգամ արդյունքում ստանում է այլ բան, միշտ ելնում է միջին խավին օգտակար լինելու դրույթից։ Փորձենք հասկանալ, թե ինչ է միջին խավը։ Կան մի շարք մոտեցումներ, որոնք քիչ թե շատ համապարփակ ձեւով ընդհանրացրել է Բրուքինգսի ինստիտուտը.

v Փող. տնտեսական ռեսուրսներ, հատկապես եկամուտ, հարստություն, աղքատությունից խուսափում,

v Որակավորումներ. կրթական եւ այլ որակավորումներ, զբաղվածության տեսակ (մտավոր, հարգելի եւ այլն),

v Մշակույթ. վարքագիծ, մտածողություն, ինքնորոշում։

Ընթերցողի ժամանակը խնայելու նպատակով մանրամասն չանդրադառնանք մշակութային մոտեցմանը եւ որակավորումներին։ Շատ հաճախ դրանք հակասական են։ Ամբողջ աշխարհում այս կամ այն խավին սեփական անձի պատկանելության ինքնորոշումը հակասական է։ Հակասականությունը մշտապես առկա է երկու կողմից էլ՝ թե՛ երբ հարուստները համարում են իրենց միջին խավ, թե՛ երբ աղքատները չեն համարում իրենց աղքատ։ Այս խնդիրներն առկա են նաեւ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Զանգվածային բարձրագույն կրթության եւ հաճախ մասնագիտության հետ չհամընկնող զբաղվածության պարագայում, որակավորումների մոտեցումը եւս հակասական է։ Օրինակ, համարյա ամբողջ աշխարհում ուսուցիչներն ավելի քիչ են վաստակում, քան բեռնատարի վարորդները, բայց որպես առաջին պատասխան, հարցվողների մեծամասնությունը միջին խավի ներկայացուցիչ են համարում ուսուցչին:

Եթե անդրադառնանք տնտեսական մոտեցմանը, ապա այստեղ եւս մոտեցումները մեկից ավելի են։ Առկա է չորս ենթամոտեցում.

1. Հեռավորությունը միջնարժեքից (օրինակ՝ միջնարժեքի 75-125 տոկոսը).

2. Բաշխվածության տիրույթ (օրինակ՝ միջին 60 տոկոսը կամ 2-4 քվինտիլները).

3. Հեռավորություն աղքատությունից (օրինակ՝ աղքատության գծից 50 տոկոս վեր).

4. Բացարձակ գնողունակություն (օրինակ՝ օրական 5 ԱՄՆ դոլար ծախս ընտանիքի մեկ անդամի հաշվով)։

Անդրադառնանք միայն առաջինին եւ չորրորդին՝ երկրորդը հիմնականում կրկնում է առաջինին, իսկ երրորդն ավելի հարմար է նվազագույն աշխատավարձի հաշվարկման համար։ Միջազգային գրականության մեջ բացարձակ տիրապետող մոտեցումն առաջինն է։ ԱՄՆ համար Բրուքինգսի ինստիտուտը միջին խավ է համարում միջին 60 տոկոսը կամ թ-ձ քվինտիլները, իսկ Տնտեսական Համագործակցության եւ Զարգացման կազմակերպությունը՝ եկամտի միջնարժեքի 75-200 տոկոսի չափով։

Մոտեցումները մի քանիսն են, սակայն էապես չեն տարբերվում։ Դիտարկենք այն ԱՄՆ համար։ Բրուքինգսի ինստիտուտի ներկայացրած հետազոտության մեջ տրված են 3 ցուցանիշներ՝ Պյու հետազոտական կենտրոնի (որը շատ նման է ՏՀԶԿ գնահատականին), վերջերս մահացած հայտնի էմպիրիկ տնտեսագետ Ալան Կրյուգերի եւ դեռեւս 1980-ական թթ. Լեստեր Տուրոյի գնահատականները։ ԱՄՆ եկամուտների բաշխվածության կորի նկատմամբ գծապատկերը, ինչպես տեսնում ենք, փոխվում է ընդգրկման մեծությամբ։

Միջին խավի տարբեր գնահատականներ ԱՄՆ-ում

Նմանապես, ըստ քվինտիլների բաշխվածությունը եւս մի քանի գնահատականներ է պարունակում: Անդրադառնանք, սակայն, ՀՀ-ին եւ փորձենք գնահատել այս ցուցիչները ՀՀ համար՝ վերցնելով ամենալայն ձեւակերպումները։ Վերցնում ենք առավել լայն ձեւակերպումը, որպեսզի որպես հանրային քաղաքականության թիրախ ընդունելու պարագայում այն լինի առավել համապարփակ եւ հնարավորինս շատ անձանց ընդգրկի։ Բրուքինգսի ինստիտուտի գնահատականի կորի համապատկերում ներկայացնենք ՀՀ ցուցիչները։ Հաշվարկները կատարված են ՏՀԶԿ մեթոդաբանությամբ (75%-200%)՝ 118 հզ դրամ աշխատավարձային միջնարժեքի համար, իսկ քվինտիլները գնահատված են 2017 թվականի միկրոտվյալների համամասնությունները 2019 թվականի 177 հզ միջին աշխատավարձի վրա տարածելով։

ՀՀ եկամուտների բախշման կորը ԱՄՆ բաշխման կորի խորապատկերով

Հաճախ, սակայն, հարաբերական գնահատականները վիճարկվում են՝ դրանք կարող են լինել հավասարապես ցածր, եւ շատերն արդարացիորեն նշում են, որ միջազգային գների պայմաններում արդարացի չէ բացարձակ գներին չանդրադառնալը։ Մոտեցումներն այստեղ կարող են տարբեր լինել՝ ռուսական աղբյուրներից մեկն, օրինակ, համարում է, որ միջին խավը բոլոր զարգացած երկրներում միօրինակ է՝ «ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար երկու հազար եվրո, գումարած 40 քմ տարածք, ինչպես նաեւ 2-3 ավտոմեքենա ընտանիքի համար», 2018 վերջում հրապարակված մեկ այլ հետազոտություն գնահատում էր միջին խավի ներկայացուցիչների եկամուտը 120,000 ռուբլի Մոսկվայում, 60,000 ռուբլի՝ տարածաշրջաններում։

Աֆրիկյան զարգացման բանկի քննարկումը տեսականորեն գնահատում է միջին խավին պատկանելը տարեկան 3,900 ԱՄՆ դոլար եկամտով՝ արտահայտված գնողունակության համարժեքով (purchasing power parity), կամ մեկ շնչին ընկնող օրական 2-4-ից մինչեւ 6-105 ԱՄՆ դոլար ընկնող ծախսով՝ կրկին գնողունակության համարժեքով։ Քանի որ այս միջակայքերը չափազանց մեծ են, անդրադառնանք ավելի լայն եւ բոլորին հասանելի հաշվարկների հաշվիչ կիրառող միջազգային մեթոդաբանությանը՝ առաջարկված ամերիկյան Պյու հետազոտական կենտրոնի կողմից։

Մեկ շնչի հաշվով օրական 10-20 ԱՄՆ դոլար (գնողունակության համարժեքով) եկամուտ ունեցող համարվում է գլոբալ միջին խավ, 20-50-ը՝ վերին միջին խավ, իսկ 50-ից ավելին՝ հարուստ։ Քանի որ հաշվարկներն արված են 2011-ի համար, ավելացնենք առավելագույնը 10 տոկոս դոլարային գնաճ։ Հաշվարկենք Հայաստանի համար։ Նախ, գնողունակության համարժեքը Հայաստանում ոչ թե 480 դրամ է 1 ԱՄՆ դոլարի համար, այլ շուրջ 200։ Չորս հոգանոց միջին խավի ընտանիքի համար, այսպիսով, տարեկան եկամուտները պետք է տատանվեն 3,212,001 ՀՀ դրամից (4*11*365*200) մինչեւ 6, 414,000 դրամ (4*22*365*200), վերին միջին խավի համար՝ 6,414,001-ից մինչեւ 16,060,000 ՀՀ դրամ (4*55*365*200), իսկ դրանից ավելին՝ համարվի հարուստ։ Վերածենք սա ընտանիքի ամսական աշխատավարձի։ Կունենանք համապատասխան 267,666 դրամ, 534,500 դրամ եւ 1,338,333 դրամ ընտանեկան եկամուտ։ Ինչպե՞ս է այս եկամուտը տրանսֆորմացվում անհատական աշխատավարձի։ Միջին խավին ընտանիքի պատկանելության մեջ կարեւորագույն գործոն է ընտանիքում աշխատողների քանակը։ ԱՄՆ-ում, օրինակ, ամենաաղքատ քվինտիլին պատկանող ընտանիքում առկա է մեկ եկամուտ վաստակող, իսկ ամենահարուստում՝ 2։ ՀՀ ԱՎԾ հրապարակված միկրոտվյալների բազայում ընտանիքի միջին չափը 3.6 է, իսկ եկամուտ վաստակողների միջին քանակը՝ 1.57 (այդ թվում աշխատավարձ ստացողներինը՝ 1.48)։ Կիրառելով այդ ցուցանիշը՝ կստանանք համապատասխանորեն 180,855 ՀՀ դրամ, 361,149 եւ 904,279 դրամ անվանական աշխատավարձ։

Ամփոփենք։ Հարաբերական ամենալայն գնահատականներով մեկ անձի միջին եկամուտ կարող է համարվել 80-240 հզ դրամ ամսական անվանական եկամուտը, բացարձակ գնահատականներով՝ 180-360 հզ կամ 180-900 հզ դրամ ամսական անվանական եկամուտը։ Որպես սոցիալական, աշխատավարձային, հարկային քաղաքականության թիրախ, սակայն, ուզում եմ առաջարկել 120-500 հզ դրամ եկամուտը։ Ինչպես ցույց է տալիս ներքեւում բերվող գրաֆիկը, մեր եկամտային բաշխման կորի տարբերությունը թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Եվրոպայից, ամենաթերին է այս հատվածում։ Այս հատվածում է հատկապես պակասում մեզ մոտ եկամուտ ստացողների քանակը։

Կայքի ընթերցողներին հասանելի են բոլոր հղումները եւ բոլոր աղբյուրները։ Ակնկալում եմ այլ վերլուծություններ։ Մինչ այդ, հուսով եմ, որ քաղաքականություն մշակողները հաշվի կառնեն այս համամասնությունները ոչ միայն հարկային օրենսդրության մշակման ժամանակ, այլեւ հիպոթեկային վարկավորման աջակցության չափի որոշման, նվազագույն աշխատավարձի հաշվարկման ժամանակ (օրինակ, պարզագույն կանոնով մասնագետներից շատերը դա համարում են միջնարժեքային աշխատավարձի կեսը, բայց ոչ երբեք ավելի 60 տոկոսից), եւ այլն:

Հեռու եմ այն մտքից, որ առաջարկվող վերլուծությունը վերջնական է, կամ ամփոփիչ։ Հուսով եմ, այս հրապարակումը կօգնի «թվայնացնել» հանրային քննարկումները՝ հեռացնելով աբստրակտ գաղափարախոսական պնդումներից։

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հեղինակը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի նախկին տեղակալ, ՀՀ ֆինանսների եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախկին նախարար, Հայաստանի նախկին փոխվարչապետն է: Վաչե Գաբրիելյանն այժմ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան Սիմոն» գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է:

«Առավոտ» օրաթերթ, 

06.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930