Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պուտինը հարկ չի համարում բնորոշել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, քանի որ դա արվում է պարբերաբար

Հունիս 06,2019 21:21

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության արդիական թեմաներով, տարածաշրջանային գործակցության և ինտեգրացիոն կառույցների շրջանակում գործակցության հարցերի շուրջ:

Հանդիպմանը Պուտինը նշել է, որ հարկ չի համարում բնորոշել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, քանի որ դա արվում է պարբերաբար:

«Հիշեցնում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, մոտ 2 միլիարդի ուղիղ ներդրումներ և բազմաթիվ այլ պահեր, որոնք ցույց են տալիս մեր հարաբերությունների առանձնահատուկ, միութենական բնույթը»,- ասել է նա:

Իր հերթին Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները համաչափ զարգանում են: «Մեր երկրներն ունեն ռազմավարական, միութենական հարաբերություններ, ինչպես ասացիք: Եվ դա վերաբերում է ոչ միայն երկկողմ հարաբերություններին. մենք ակտիվ գործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ բոլոր ուղղություններն էլ ունեն ռազմավարական նշանակություն:

Փաշինյանը նշել է, որ այս տարի տնտեսական ցուցանիշները բավականին լավատեսական են, առաջին եռամսյակի արդյունքում կա 7.1 տոկոս տնտեսական աճ, իսկ ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել է 9.2 տոկոս:

«Ակնհայտ  է, որ դա լավ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները մեծապես կապված են ԵԱՏՄ-ում մեր հարաբերությունների հետ և ռուսական շուկա հայկական բիզնեսի մուտքով: Դա շատ կարևոր է: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերի շուրջ գալ այնպիսի լուծումների, որպեսզի չկոտրվի տնտեսական աճի այդ լավ տեմպը»,- ասել է նա:

Փաշինյանը նաև նշել է որ այս տարի նկատվում է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության աճ և «շատ հաճելի է» մայրաքաղաքում և զբոսաշրջային կենտրոններում լսել ռուսերեն խոսք: Նրա խոսքով, դա ոչ միայն տնտեսական հարց է, այլև վկայում է երկու երկրների մշակութային, մարդասիրական կապերի մասին: «Նման շփումները, կարծում եմ, նպաստում են մեր քաղաքական և տնտեսական հարաբերություններին»,- ասել է Փաշինյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930