Արյուն միշտ է պետք, մի սպասեք, որ Դոնորի միջազգային օրը լինի, որ նոր արյուն հանձնեք: Դոնորի օրը վերջանում է, դոնորությունն էլ՝ հետը: Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արյունաբանական կենտրոնի Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանը:
Այսօր դոնորի համաշխարհային օրվա առիթով, վաղ առավոտից քաղաքացիների հոսքն Արյունաբանական կենտրոն չէր դադարում: Սակայն,ինչպես բժիշկ Շամալյանն է նշում, մնացած օրերի, նույնպես արյան կարիք կա, բայց, որպես կանոն՝ կամավոր դոնորները պասիվ են եւ ակտիվությունը միայն այս օրն է լինում:


Կարդացեք նաև
Բժիշկ Շամիլյանի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ արյան հիվանդությունները ավելացման միտում ունեն, ինչը Անդրանիկ Շամիլյանը տեխնոգեն աղետ է համարում. «Այսքան տեխնիկան, էլեմենտները, նետվում են աղբարկղ, մինչդեռ դրանց խոտանումը, ուտիլիզացիան պետք է հատուկ պայմաններով լինի: Մեկ մարտկոցը կարող է երկու մետր շառավղով հողը ախտահարել ծանր մետաղներով, հետո այդ ծանր մետաղները ջրի միջոցով գնում են մեր օրգանիզմ, գենային մուտացիաներ են առաջացնում: Այս ամենն անխուսափելի է, քանի որ ամբողջ աշխարհում այս խնդիրը կա»:
Ըստ մեր զրուցակցի՝ արյան համակարգի հիվանդություններից մեր երկրում գերակշռում են լեյկոզները՝ արյան քաղցկեղը: Այդուհանդերձ, բժիշկ Շամիլյանը վստահեցրեց, որ բուժման արդյունավետությունը բարձրացել է, ավելի շատ մարդկանց կյանք են փրկում:

Տեղեկացանք,որ արյուն են հանձնել նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































