Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «Արտասահմանցի շատ շախմատիստներ այսօր զգուշանում են Հայաստան գալ»

Հունիս 16,2019 10:35

Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը ասում է՝ ուժեղ շախմատիստների թվով (13 գրոսմայստեր) լավ մրցաշար է, մեծ քանակությամբ պատանի շախմատիստներ կան, որոնք իրենց շատ լավ դրսեւորել են միջազգային ասպարեզում, սակայն այս տարի ինչ-ինչ պատճառներով քիչ են արտասահմանի շախմատիստները:

Հարցին, թե ինչը կարող է դրա պատճառ լինել, պարոն Վարդապետյանը պատասխանեց. «Գուցե  այն, որ ժամկետները մի փոքր տեղափոխել ենք առաջ, գուցե նաեւ ազդել է այն հանգամանքը, որ այսօր շախմատիստները զգուշանում են Հայաստան գալ: Վերջին շրջանում լրատվամիջոցները շատ են անդրադարձել Նոր Հայաստանում շախմատի հանդեպ որոշ ոչ ցանկալի վերաբերմունքին եւ ընդունված որոշումներին, որոնք իմ կարծիքով, ընդհանուր առմամբ շախմատին դեմ են գնում:

Օրինակ, ամենահայտնի որոշումներից՝ Լեւոն Արոնյանի շախմատի դպրոցը փակելը, Հանրային Հեռուստաընկերությունում շախմատային ծրագիրը փակելը, շախմատի տան վերաձեւավորման կամ օպտիմալացման մասին այսօր ընթացող խոսակցությունները, Ռաֆայել Վահանյանի դպրոցի հետ կապված իրադարձությունները, որոնք շատ մեծ արձագանք էին ստացել ռուսալեզու շախմատասերների շրջանում: Այդ հարցի շուրջ եղել է մեր լեգենդար շախմատիստ Ռաֆայել Վահանյանին սատարող շուրջ 2500 արձագանք:

Ամբողջ աշխարհը Վահանյանին ճանաչում, ընդունում է որպես շախմատային լեգենդ: Ես հասկանում եմ, որ կա ձգտում՝ ցույց տալու, որ բոլորը հավասար են: Բայց չմոռանանք մի պարզ իրականություն: Երբ ասում են բոլորը հավասար են, դա իրավական դաշտում է, իրավունքների մասին է: Բայց երբ խոսքը մարդկային ընդունակությունների մասին է՝ կան տաղանդավոր մարդիկ, հանճարներ ու նաեւ՝ միջակներ, ու դրանից էլ ցածրեր: Այստեղ խնդիրն իմ կարծիքով այն է, որ լեգենդներին հավասարեցնելը միջակներին եւ նրանց հավասար նայելը, սխալ դիրքորոշում է:

Մենք աշխարհի առջեւ հպարտացել ու հպարտանում ենք մեր հայտնի անուններով՝ Տիգրան Պետրոսյանով, Արամ Խաչատրյանով, Վիկտոր Համբարձումյանով, Կոմիտասով, Մարտիրոս Սարյանով… Եթե այսօր բոլոր որոշումներում հիմք ենք ընդունում համահավասարեցնելը, նշանակում է՝ չենք ուզում ոչ խելացի, ոչ տաղանդ, ոչ հանճար, մեր ազգն իսկապես փառաբանող մարդիկ, եւ ուզում ենք ճիշտ որոշում գտնել միջակությունների մեջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930