Ազգային ժողովի այս քառօրյայում նախատեսվում է քննարկել այդ թվում Հարկային օրենսգրքի փոփոխությունների օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Բարեփոխումներին դեմ հանդես եկող «Ահազանգ» նախաձեռնության անդամներն այս պահին նստացույց են անում ԱԺ-ի դիմաց՝ դեմ հանդես գալով, իրենց բնորոշմամբ, ամենախնդրահարույց դրույթին՝ եկամտահարկի համահարթեցմանը:
«Ներկայումս որքան բարձր եկամուտ ես ստանում, այնքան բարձր ես հարկ վճարում, սակայն նախատեսում են եկամտահարկը համահարթեցնել: Այսինքն՝ անկախ եկամտի չափից՝ բոլորը նույն տոկոսի հարկ են վճարելու: Դրանից կշահեն մի քանի հազարը, բայց պետբյուջեի կորուստները կփոխհատուցեն թանկացումներով, ինչից կտուժեն մի քանի հարյուր հազարը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող-խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:
Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այն պարզաբանմանը, որ եկամտահարկը համահարթեցնելուն զուգահեռ՝ շատ եկամուտ ունեցողն ավելի մեծ գույքահարկ է վճարելու, Քրիստինե Վարդանյանը նկատեց. «Արհեստական հակադրություն է: Հարստությունը պետք է հարկվի, բայց դա առանձին օրենքով կարող էին սահմանել»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: