«Ես վախենում եմ բոլոր այն կոնտակտներից, որտեղ մեր վարչապետն ունի լավ անձնական հարաբերություններ կամ տեսանյութեր ու լուսանկարներ: Ավելի լավ է ոչ մեկի հետ մտերմություն չանել, բայց այն պրոբլեմները, որ նախկինում չէինք ունեցել, առաջ չբերեն»,-«Ադեկվատ դիսկուրս» կոնֆերանսին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ ում հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լավ են, մենք խնդիրներ ունենք այդ երկրի հետ: Այս առիթով Արմեն Աշոտյանը հիշեց Վրաստանի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները ու ասաց. «Վրաստանի վարչապետի հետ մտերիմ հարաբերություններ կային, իրենց վարչապետն էլ մեր օջախ է եկել, բայց պարզվեց, որ այս տարի ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումները Թիֆլիսում և Ախալքալաքում աննախադեպ պետական դիմադրության արժանացան»:
Այնուհետև անդրադարձավ Ֆրանսիայի հետ հարաբերություններին ու ասաց. «Իբր Մակրոնի հետ էր մտերիմ: Չորս-հինգ անգամ հանդիպել են՝ Ազնավուրի թաղմանը, այստեղ են պարել Նիկոլ Փաշինյանն ու Մակրոնը Դվինում, բայց Ֆրանսիան անհասկանալի կերպով բարձիթողի վիճակում էր գտնվում՝ որպես հայկական դիվանագիտության առաջնահերթություն: Մենք ստացանք դատարանների վճիռներ: Ասում են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ունեն ջերմ հարաբերություններ…ես վախենում եմ բոլոր այն կոնտակտներից, որտեղ մեր վարչապետն ունի լավ անձնական հարաբերություններ կամ տեսանյութեր և լուսանկարներ: Ավելի լավ է ոչ մեկի հետ մտերմություն չանել, բայց այն պրոբլեմները, որ նախկինում չէինք ունեցել, առաջ չբերեն»:
Դառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «ԵՄ-ն բազմաթիվ խնդիրներ ունեցող վերազգային կառույց է, որտեղ ՀՀ-ն երբեք առաջնահերթություն չի եղել: Մենք հետաքրքիր ենք մեր պրոբլեմներով: ԵՄ-ի նախկինում եղած վերաբերմունքը այս իշխանությունների հանդեպ չշփոթեք պրոտոկոլային հայտարարություններով և ձեռքսեղմումներով բրյուսելյան ֆոնի վրա: Իրականության մեջ ԵՄ-ն շատ լավ հասկանում է, որ այն արժեքները, որոնց մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, այսօր ընդամենը լոզունգներ են: Այսօրվա վարչապետի խարիզման հասել էր այդպիսի մայրաքաղաքներ. դրանց մի մասը կարծում էր, որ կարող է ժողովրդավարական բարեփոխումներ լինել, մյուսների մտածմունքները շաղկապված էր նրանով, թե կարող է ռուսների դեմ գնա մի օր, դրա համար փորձենք իրենց պահենք»:

Կարդացեք նաև

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջից


















































