Ղազախստանում գտնվող Կալաչի քաղաքի բնակիչներն օրերով քուն են մտնում և արթնանալիս նույնիսկ չեն հիշում իրենց հետ կատարված վերջին իրադարձությունները, իսկ երբեմն էլ ունենում են հիշողության երկարատև կորուստ:
Քաղաքի բնակիչներն անցել են բժշկական հետազոտություն, և, ըստ ստացված արդյունքների, Կալաչի քաղաքի բնակիչներից 4-ից առնվազն մեկը տառապում է քնկոտությամբ: Այս հիվանդության ախտանիշներից են ծայրահեղ հոգնածությունը, դժվարությամբ խոսելը կամ քայլելը, ինչպես նաև հիշողության քրոնիկական կորուստները:
Այս հիվանդության առաջացման պատճառի որևէ կոնկրետ բացատրություն չկա: Ախտանշանները կարող են ի հայտ գալ ցանկացած ժամանակ, ցանկացած տարիքի, սեռի մարդկանց մոտ, նույնիսկ առողջական վիճակը էական նշանակություն չունի: Քաղաքի բնակիչները քուն են մտնում աշխատավայրում, որևէ բան պատրաստելիս, անգամ մեքենա վարելիս: Իսկ մի քանի ժամ քնելուց հետո, երբ արթնանում են, չեն հիշում թե որտեղ են, իսկ մարդկանց մի մասի մոտ էլ հալյուցինացիաներ են սկսվում:
Հետազոտելով այս քաղաքի բնակիչներին՝ բժիշկները բացահայտել են այս հիվանդության առաջացման հավանական պատճառը: Նրանք պարզաբանում են, որ այդ քաղաքի տարածքում կա ուրանի հանքավայր, որի հետևանքով ռադոն իներտ գազի քանակը մոտավորապես 5 անգամ նորմայից բարձր է: Այս փաստը հաշվի առնելով՝ հետազոտական աշխատանք է կատարվել պարզելու համար ռադոն գազի և այդ հիվանդության միջև կապ կա՞ արդյոք, թե՞ ոչ: Սակայն ստացված արդյունքները ցույց են տվել, որ ռադոն գազը չի կարող առաջացնել քնկոտության սինդրոմը: Այնուամենայնիվ, ամբողջապես չի հաստատվել, որ այս գազը չի կարող նպաստող գործոններից մեկը լինել:
Կարդացեք նաև

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:
Պատրաստեց Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ


















































