«Այդպիսի ապացույց ձեռք չեն բերելու, որ Զաքար Հովհաննիսյանը Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների հատվածում է հրազենային վիրավորում ստացել: Նման ապացույց չի կարող լինի, որովհետեւ այնտեղ ինքը այդպիսի վիրավորում չի ստացել, չէր կարող ստանալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ:

Մենք ճշտեցինք՝ այդ ցուցմունքները, որոնք վկայակոչում եք, մինչեւ հեղափոխությունը եղած ցուցմունքնե՞ր են, որովհետեւ դրանց նկատմամբ այսօր արժանահավատություն չկա՝ Վաղարշակ Գեւորգյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում արժանահավատություն չկա: Զաքար Հովհաննիսյանի քույրը կամ էդ հարեւանը եկել, սուտ ցուցմո՞ւնք են տվել, իր փեսան, էն մյուսը, լիքը մարդիկ կան: Այսինքն, իր հարազատները, իր ծանոթները եկել են 2008 թվականին ոչ ճիշտ տեղեկություննե՞ր են տվել, Զաքար Հովհաննիսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ տեղեկություններ տալիս ուրիշ վա՞յր են ասել, դուք ոնց եք պատկերացնում, իմա՞ստը: Ընդհակառակը, նրանք հայտնել են այն, ինչն իրականում եղել է, հենց թարմ-թարմ են հայտնել, ճշմարտությունը: Անցել է 11 տարի, դրա համար էլ էսօր հայտնվել է մի հատ ոմն ենթասպա, չգիտեմ ով է էդ, ու ասում է՝ գիտես ինչ կա, իմ աչքի առաջ էսպիսի դեպք է եղել: Էն դեպքում, երբ Զաքար Հովհաննիսյանը 24-ից հետո է վիրավորումը ստացել, բայց ըստ ենթասպայի, պիտի նա վիրավորումը ստացած լիներ ժամը 9:30-10-ի սահմաններում: Այդպիսի բան չի լինում, էլի»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այդ ենթասպային ճանաչե՞լ է, նրանք ինչ-որ հարաբերությունների մեջ եղե՞լ են՝ Վաղարշակ Գեւորգյանը պատասխանեց, որ ոչ, բացարձակ չի ճանաչում: Ըստ պաշտպանի, նրան ականատես էլ չի կարելի անվանել. «Եթե այդպիսի դեպք չկա, ինչի՞ն է ականատես: Այդտեղ այդպիսի դեպք չի եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































