ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ելույթը «Մարդկանց հնարավորությունների ընդլայնումը և ներառականության ու հավասարության ապահովումը» վերնագրով ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
Նյու Յորք, 17-ը հուլիսի, 2019թ.

Անցած տարի Հայաստանը ներկայացրեց կայուն զարգացման նպատակների իրագործման ընթացքն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը` առանձնակի անդրադարձ կատարելով նորարարության, ստեղծագործ կրթության և ներառական համագործակցության հավելյալ արժեքին: Մեկ տարի անց` մեր երկիրը, անցնելով խաղաղ փոխակերպման միջով, կյանքի է կոչում հեռահար և համապարփակ բարեփոխումների օրակարգ: Անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա խաղաղ հեղափոխությանը հաջորդած դեկտեմբեր ամսվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևորագույն քայլ էին ամուր և կայուն ժողովրդավարական համակարգ կառուցելու առումով:
Կարդացեք նաև
Հայաստանի կառավարությանը տրվել է երկրում մեկնարկած քաղաքական ու տնտեսական փոխակերպումները շարունակելու լայն մանդատ, և մենք հաստատակամ ենք քայլեր ձեռնարկել Հայաստանում «խելացի» զարգացման օրակարգը առաջ մղելու նպատակով՝ ուշադրության կենտրոնում պահելով լավ կառավարումն ու ազգային տաղանդը որպես զարգացման շարժիչ ուժ դիտարկող քաղաքականությունը:
Կայուն զարգացման խթանման համատեքստում Հայաստանի կառավարության կողմից ռազմավարական առաջնահերթություններ են դիտարկվում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, ստարտափների աճին նպաստելը, նորարարությունների խթանումն ու երիտասարդների հմտությունների և գործարար ջիղի զարգացմանն աջակցելը` ուշադրության կենտրոնում պահելով վերընթաց նախաձեռնություններն ու ձեռներեցության և հանրօգուտ ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության լավագույն օրինակները:
Հաշվի առնելով կուտակված դրական փորձը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ աշխարհում, հանձնառու ենք շարունակել «խելացի զարգացման» օրակարգի խթանմանն ուղղված համագործակցությունը` վերջինս դիտարկելով որպես ռազմավարական գերակայություն:
Այս համատեքստում ուրախ եմ նշել, որ այս տարի Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 23-րդ համաժողովը, որը սեղանի շուրջ կհավաքի ոլորտի նշանավոր ղեկավարների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և նորարարների, որոնք քննարկումներ կծավալեն ոլորտի և աշխարհի կարևորագույն խնդիրների շուրջ ինչպիսիք են արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, ՏՀՏ-ի դերը կրթության մեջ, կանայք տեխնոլոգիաների ոլորտում և գլոբալ հետաքրքրություն ներկայացնող շատ այլ հարցեր։ Մենք ցանկանում ենք հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այս կարևոր իրադարձությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ից 9-ը` Երևանում։
Պարո՛ն նախագահ,
Հանդիսանալով միջին եկամուտ ունեցող և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, և տեղակայված լինելով աշխարհի՝ սեյսմիկ առումով առավել ակտիվ տարածաշրջաններից մեկում, Հայաստանը լավ է գիտակցում շրջակա միջավայրի մարտահրավերներն ու բնական աղետների ռիսկերը, ինչպես նաև հասարակությունների վրա դրանց ազդեցության նշանակությունը։ Հասկանալով բնապահպանական և տնտեսական խնդիրների փոխկապվածությունը` Հայաստանի կառավարությունը կարևորում է տնտեսական և բնապահպանական քաղաքականությունների ինտեգրումը։ Մենք համոզված ենք, որ լավագույն տնտեսական որոշումները ընդունվում են այն դեպքում, երբ հաշվի են առնվում բնապահպանական հայեցակետերը։
Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանը էական դրական փորձ է կուտակել՝ ծրագրեր իրականացնելով էներգետիկ արդյունավետության ու կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տեխնոլոգիաների ոլորտներում՝ նպատակ ունենալով կրճատել արտանետումները և ապահովել կլիմայական փոփոխությունների հանդեպ դիմացկուն և կայուն զարգացում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ


















































