Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, վերահսկիչ պալատի համեմատությամբ, ընդարձակվել են

Հուլիս 22,2019 13:00

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանի հետ

– Պարոն Մամիկոնյան, նոր Սահմանադրությամբ հանրությանն առավել հայտնի վերահսկիչ պալատը վերանվանվեց հաշվեքննիչ պալատ: Փոփոխությունների մասին լայն հանրությունը միայն դա գիտի: Էլ ի՞նչ փոփոխություններ կան:

– Նախ նշեմ, որ Հաշվեքննիչ պալատի լիազորություններն ընդլայնվել են վերահսկիչ պալատի համեմատությամբ: Եթե զուգահեռներ անցկացնենք հաշվեքննիչ պալատի իրավանախորդ վերահսկիչ պալատի հետ, ապա կարձանագրենք բազմաթիվ նշանակալի տարբերություններ: Օրինակ` տարբեր են վերահսկիչ պալատի եւ հաշվեքննիչ պալատի կառավարման մոդելները: Եթե նախկինում ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավարը նախագահն էր, ով կառավարում էր վերահսկիչ պալատի գործունեությունը եւ ապահովում էր նրա բնականոն աշխատանքը, ապա հաշվեքննիչ պալատն ամբողջությամբ հանդիսանում է կոլեգիալ կառավարման մարմին: Անշուշտ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է պալատի նախագահի ինստիտուտ, մինչդեռ վերջինիս գործառույթները պալատի մյուս անդամների գործառույթներից իրավական առումով էապես չեն տարբերվում: Հաշվեքննիչ պալատի լիարժեք կոլեգիալության մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ, ի տարբերություն վերահսկիչ պալատի, հաշվեքննիչ պալատում չկա նախագահի տեղակալի պաշտոն: Սկզբունքորեն նոր իրավակարգավորումներ է ստացել նաեւ պալատի անդամների ընտրության հարցը՝ եթե վերահսկիչ պալատում խորհրդի անդամի թեկնածությունն առաջարկում էր պալատի նախագահը, ապա հաշվեքննիչ պալատում անդամների թեկնածություններ առաջադրելու իրավասությամբ օժտված են ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու պալատի նախագահն այդ գործընթացին միջամտելու որեւէ իրավունք չունի, ինչով երաշխավորվում է պալատի անդամի ինստիտուտի անկախությունն ու ինքնուրույնությունը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Նախկինում վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում էր Ազգային ժողովը, իսկ ահա նոր կարգավորման շրջանակներում հաշվեքննիչ պալատը գործում է իր հաստատած գործունեության ծրագրի հիման վրա: Սա ապահովում է հաշվեքննիչ պալատի անկախության պատշաճ մակարդակը, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության համար եւ համապատասխանում է միջազգային լավագույն փորձին: Մասնավորապես Լիմայի հռչակագրի 2-րդ բաժինը եւ Մեխիկոյի հռչակագրի 1-ին սկզբունքը պարտավորեցնում են, որպեսզի յուրաքանչյուր երկիր ունենա Աուդիտի բարձրագույն այնպիսի ինստիտուտ, որի անկախությունը երաշխավորված է Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նախկին կարգավորման շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատը սահմանադրական ամրագրմամբ սահմանված էր որպես պարզապես անկախ մարմին, որը վերահսկողություն էր իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ Ներկայումս, Սահմանադրության 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հաշվեքննություն է իրականացնում ոչ միայն հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, այլեւ ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, սակայն հարկ է փաստել, որ ներկայիս ե՛ւ սահմանադրական, ե՛ւ օրենսդրական ամրագրման մեջ դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք թերեւս համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն ունեն, ինչը, իհարկե, քննարկման առանձին թեմա է:

– Արդյոք լիազորությունների ընդարձակման հետ մեկտեղ առաջնային չի դառնում այդ ամբողջ գործընթացի իրավական ճիշտ ապահովումը:

– Վերահսկիչ պալատից հաշվեքննիչ պալատ դառնալու անցումային ողջ փուլը բարդ եւ ժամանակատար գործընթաց է, եւ այստեղ շատ կարեւոր է այդ գործընթացի իրավական ապահովման ճիշտ կազմակերպումը: Այս առումով, որպես տարբերակ, ինչպես նշեցի, կարելի է դիտարկել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի փոփոխությունները եւ լրացումները, բայց մեկ այլ՝ այլընտրանքային լուծում է գործող օրենքի շրջանակներում որոշակի փոփոխությունների իրականացումը: Այդ նպատակով հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչությունը, վերլուծելով ՀՀ պետական համակարգում առկա իրավակարգավորումները եւ ՀՀ պետական այլ մարմինների համանման մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների ամբողջությունը, փորձել է դրանք տեղայնացնել եւ նախաձեռնել է Սահմանադրությանը եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքին համահունչ մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերում, ինչպիսիք են օրինակ՝ հաշվեքննիչ պալատի կանոնադրությունը, կանոնակարգը եւ այլն, ծավալուն փոփոխությունների եւ լրացումների կատարման գործընթաց, ինչով կընդարձակվի հաշվեքննիչ պալատի իրավական ապահովման գործառույթների շրջանակը: Համապատասխան առաջարկությունների փաթեթն ես արդեն տեւական ժամանակ է դրել եմ շրջանառության մեջ եւ սահմանված կարգով պետք է քննարկվի հաշվեքննիչ պալատի նիստում:

– Նոր սահմանադրությամբ ինչպիսի՞ն են հաշվեքննիչ պալատի համագործակցության շրջանակներն իրավապահ մարմինների եւ դատարանների հետ: Արդյոք այստեղ եւս իրավական ապահովման գործառույթներն ընդարձակվել են:

– Հաշվեքննիչ պալատը կարող է համագործակցել բոլոր իրավապահ մարմինների հետ, սակայն ՀՀ դատախազության հետ համագործակցությունը առանձին կարեւորություն ունի, ինչը առանձնահատուկ ամրագրվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով: Նորից զուգահեռներ անցկացնելով կարող եմ նշել, որ օրինակ նախկինում վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները ուղարկում էր ՀՀ գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա էին կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ: Այսօր, այդ ոլորտում աշխատանքները նշանակալիորեն ավելացել են: Համաձայն «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների, ՀՀ գլխավոր դատախազությունը հաշվեքննությամբ արձանագրված եւ տրամադրված նյութերի հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է հաշվեքննիչ պալատին։ Գլխավոր դատախազությունը 2019 թվականի մայիսի 3-ին ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն, որն իր մեջ ներառում է 2017-2019 թվականների ընթացքում իրականացված հաշվեքննությամբ (վերահսկողությամբ) արձանագրված նյութերով դատախազական մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն, որին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ: Ինչպես տեսնում եք համագործակցությունը բավականին լայնածավալ է, որի շրջանակները, մինչդեռ, կարելի է հստակեցնել կողմերի միջեւ համապատասխան հուշագիր ստորագրելով: Հավելեմ, որ նմանատիպ հուշագրեր կարող են ստորագրվել նաեւ քննչական կոմիտեի եւ այլ իրավապահ մարմինների հետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում համագործակցության համատեքստում:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ դատական համակարգին, ապա հաշվեքննիչ պալատն անմիջականորեն չի համագործակցում դատական մարմինների հետ: Սակայն, հաշվեքննիչ պալատը պետական մարմին է եւ կարող է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համաձայն իր իրավասության սահմաններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Ավելին, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված է հաշվեքննողների գործողությունները բողոքարկելու գործընթաց, ինչը կարող է իրականացվել նաեւ դատարաններում, ինչի նախադեպն առկա է:

– Կառավարությունը ստանձնել է կոռուպցիայի դեմ պայքարի, այսպես ասած՝ կոշտ պայքարի քաղաքականությունը եւ կարծես նոր գործիքակազմ ու մեթոդներ է ներդնում: Այս գործընթացում, արդյոք հաշվեքննիչ պալատը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ունի օրենքով ամրագրված որեւէ գործիքակազմ:

– Որոշակի առումով, կարելի է ասել՝ այո, քանի որ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունը ինքնին միտված է կոռուպցիոն երեւույթների նվազեցմանն ու կանխարգելմանը: Այնուամենայնիվ, «Հաշվեքննիչ պալատի մասին» գործող օրենքի համաձայն, հաշվեքննիչ պալատի գործունեության հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չէ, այլ հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է: Մինչդեռ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հաշվեքննիչ պալատի դերակատարությունն առավելագույնին հասցնելու նպատակով, հարկ է լրամշակել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքը՝ ընձեռելով հաշվեքննիչ պալատին հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման հստակ գործիքակազմ:

– Դուք հայտարարել եք, որ հաշվեքննիչ պալատի նախագահն իր պաշտոնը զբաղեցնում է Սահմանադրության պահանջների խախտմամբ եւ դուք բողոքարկել եք այդ փաստը ՀՀ նախագահին ու Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ դատական կարգով: Ի՞նչ զարգացումներ կան:

– Կարծում եմ այս հարցի վերաբերյալ սպառիչ բացատրություններն ու իրավական մասնագիտական հիմնավորումներն արդեն տվել եմ: Ընդամենը կարող եմ ավելացնել, որ գոյություն չունի որեւէ իրավական ակտ, որով նախատեսված է վերահսկիչ պալատի նախագահի՝ որպես հաշվեքննիչ պալատի նախագահ, պաշտոնավարումը շարունակելու գործընթաց: Իսկ անցումային տրամաբանությամբ կամ հարմարեցված մեկնաբանություններով իրավական պետությունում պաշտոն չեն յուրացնում կամ զավթում, առավելեւս բարձրաստիճան պաշտոն: Խնդիրն առկա է եւ անհապաղ լուծում է պահանջում: Ուստի, հարկ է արձանագրել, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը «դե յուրե» թափուր է եւ Ազգային ժողովում, իրավական առումով, պետք է տեղի ունենա հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրություն:

ՄԱՐԻԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

20.07.209

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031