Բագրատաշենի անցակետում եւ մաքսային գոտում այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն էին: Այստեղ գլխավոր դերում Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն էր. նա շրջում էր տարածքում, հարցեր տալիս աշխատակիցներին, որոշում՝ որ խնդիրը ոնց պետք է լուծվի:

Մելքումյանն այսօր տարածքն ուսումնասիրելուց հետո արձանագրեց՝ սպասարկման համար 6 հոսքուղի է, սահմանապահները 10-ն են. «Բայց բոլոր դեպքերում մաքսայինում աշխատողների ավելացումը անհրաժեշտություն է պիկ սեզոնին, պիկ ժամին, մոտ 7 տեսուչ պետք է ավելանա»:
Մաքսակետի պետ Գեղամ Վանունին էլ ասաց՝ տեսուչները գերծանրաբեռնված են աշխատում:
Կարդացեք նաև
Մելքումյանը նաեւ պարզեց՝ 1 «թրայլերի»՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարների անցումը տեւում է 100 րոպե, Վանունին էլ ավելացրեց՝ 100-ից 150 րոպե, իսկ մեկ նման բեռնատար 10 ավտոմեքենա է տեղափոխում, սա նշանակում է՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի փաստաթղթերը մանրակրկիտ պետք է ստուգվեն: Վանունին ասաց, որ 24 ժամում 616 ավտոմեքենա է մաքսազերծվում, սա նշանակում է 10-ից ավելի «թրայլեր» է անցնում Բագրատաշենի մաքսակետով:
Միքայել Մելքումյանը մեքենաների մաքսազերծման կետում էլ շրջելուց հետո էլ որոշեց՝ մեկ պատուհան էլ պետք է ավելացվի:
Մելքումյանը հենց տեղում խոստացավ՝ արձանագրած խնդիրներով անմիջապես եւ անձամբ կզբաղվի, հենց Երեւան վերադառնալու ճանապարհին էլ կզանգի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, գումարն էլ գիտի որտեղից գտնել՝ ՊԵԿ-ի արտաբյուջեից, բայց շրջայցի ավարտից հետո այլ տարբերակ գտավ:
Լրագրողների հետ զրույցում Մելքումյանն ասաց, այս օրերին ավտոներկրողները մեծ քանակությամբ մեքենաներ են ներկրում. «Երեւանից Բագրատաշեն ճանապարհին հանդիպեցին մոտ 10 թրայլեր, դա անում է մոտ 100 ավտոմեքենա, այստեղ կանգնած են 5-6-ը, օրական մոտ 300-400 ավտոմեքենա է մտնում Հայաստան: Այս տարի 70 հազարը հատել է, եթե այսպես գնա՝ մենք 140-150 հազար մեքենա կունենանք: Հունվարի 1-ին պետք է լուծում գտնենք, թե ինչ պետք է լինի այդ բիզնեսով զբաղվողների հետ: Հաջորդ տարվա բյուջեի մեջ տող մտցվի, որպեսզի մի տաղավար էլ կառուցվի՝ 6-7 աշխատակցի համար: Մենք պետք է հնարավորինս հարմարավետ ու ճիշտ լուծումներ տանք առեւտրաշրջանառության եւ զբոսաշրջիկների համար: Օրինակ՝ դրսից եկած շատ շատերը դժգոհեցին էկոլոգիական վճարի համար, որը 3500 դրամ է, իրենք չգիտեն՝ ինչի համար պետք է վճարեն: Միգուցե օրենսդրական կարգով այս հարցերը քննարկենք: Անանյանին առաջարկելու եմ մշտական մոնիտորինգի ինստիտուտ լինի: Մենք օգոստոս-սեպտեմբերին այստեղով կանցնենք դեպի Լարս, որպեսզի հասկանանք մեր հայրենակիցների բիզնեսը ինչ վիճակում է»:
Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ օրենսդրությամբ ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման գները զգալի աճելու են, ուստի, քաղաքացիները, ավտոներկրողները շտապում են այս տարի ով որքան հնարավոր է՝ ներմուծի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































