Լրահոս
Օրվա լրահոսը

Կասյանի գյուղատնտեսական շուկայի շուրջ սեւ ամպեր են կուտակվում (տեսանյութ)

Օգոստոս 03,2019 17:49

«Այսօր առավոտից էս վիճակն է, ամբողջ օրը ոստիկաններ են եկել, չեն թողնում հանգիստ աշխատենք: Ամբողջ տարին դառը դատում ենք, բերում ենք շաբաթվա մեջ երկու օր մեր արտադրած մթերքը վաճառելու, սենց պատմություններ են սարքում… Ոչ գիտենք դաշտում հասցնենք, ոչ գիտենք բերենք վաճառելու, պետությունը որեւէ բանով չի ուզում օգնի, գյուղնախարարությունն էլ փակեցին, հիմա էլ խանգարում են»,- այսօր բողոքում էին Կասյանի գյուղատնտեսական շուկայում իրենց արտադրանքը վաճառող գյուղացիները, որոնց եւ տարածքում՝ բնակիչների բողոքների հիման վրա հայտնված ոստիկանների միջեւ միջադեպ էր եղել:

Նրանց պնդմամբ՝ մոտակա խանութների տերերը տարածքի ժողովրդին համոզում են, եւ վերջիններս բողոքներ են հղում քաղաքապետարան, ոստիկանություն, Սննդի անվտանգության ծառայություն եւ այլն. «Օր ու արեւ չեն տալիս, անընդհատ տարբեր հիմնարկներից գալիս են, չեն թողնում աշխատենք, ասում են՝ թերակշռում եք, մաքուր չի, վերավաճառող եք… , գյուղացին դեռ մի բան էլ ավել է կշռում, ոչ թե խաբում, մեր կողքերը նայեք, կեղտոտ բա՞ն եք տեսնում, երեկոյան էս դիմացի շենքի ժողովուրդը նստում է, գարեջուրը խմում, շշերը թողնում, գալիս ասում են՝ գյուղացիներն են արել, բա եղա՞վ»,- նեղանում էին գյուղացիները, որոնք ծանրագույն աշխատանքով, կարկուտի եւ երաշտի, վնասատուների եւ ցրտահարության դեմ պայքարի արդյունքում ստեղծած իրենց հող ու ջրի բարիքները տարվա մեջ մի քանի ամիս, շաբաթը երկու օր հնարավորություն ունեն բերելու եւ անձամբ վաճառելու մայրաքաղաքում, այլ ոչ թե հանձնելու ջրի գնով իրենցից գնող եւ երեւանցիների վրա թանկ ու կրակ վաճառող վերավաճառողներին:

Մանրամասները՝ տեսանյութերում (ներողություն ենք խնդրում որակի համար)

Նկատենք, որ գյուղատնտեսական շուկաները շատ ընդունված են եվրոպական, ամերիկյան բոլոր մեծ ու փոքր քաղաքներում, որոնց վարչական ղեկավարությունը պարտադիր աջակցում է նման շուկաների կայացմանը՝ ոչ միայն տեղի հատկացմամբ, անվտանգության ապահովմամբ, այլեւ՝ տարածքը շուկաներից հետո մաքրելու պարտականությունն են որոշ քաղաքներում իրենց վրա վերցնում: Վերջիվերջո, գյուղատնտեսական շուկաները ոչ միայն գյուղացիներին են հնարավորություն տալիս իրենց ապրանքն իրացնելու, ոչ միայն քաղաքացիներին են հնարավորություն տալիս հե՛նց գյուղացու արտադրած թարմ, սուպերմարկետային տեխնոլոգիաներով չմշակված մթերքները գնելու, այլեւ նպաստում են իրարից ըստ էության կտրված միջավայրերի՝ քաղաքային եւ գյուղական, շփմանը: Քաղաքի բնակիչները իրենց աչքերով են տեսնում գյուղացու՝ մոշ կամ փշահաղարջ հավաքելու արդյունքում արյունոտված ձեռքերը, լսում են լոլիկի դաշտերի չորացման մասին, գրանցում են ամենահամեղ մուրաբան կամ չիրը պատրաստելու գյուղական բաղադրատոմսը, համտես են անում գինին կամ մրգօղին… Մշակութային հաղորդակցման օրինակներ, որոնք չկան որեւէ սուպերմարկետում կամ նույնիսկ բակային փոքրիկ խանութներում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031