Օգոստոսի 9-ին Երեւանում` Սարյան 19/21 շենքի նկուղային հարկում կբացվի անվանի քանդակագործ եւ նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցասրահը, որտեղ մշտական ցուցադրություն կլինի: Այս մասին Aravot.am-ին հայտնեց արվեստագետի թոռը` նկարիչ, համադրող եւ գալերիստ Արչի Հարություն Կալենցը: Ասաց, որ որոշ գործեր բերվել են Մոսկվայից, որոշ գործեր` նրա Բարեկամություն փողոցի տնից: Դեռեւս վարպետի կենդանության օրոք ստեղծվել էր «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամ, եւ այժմ այդ հիմնադրամը եւ Մոսկվայի «Նիկո» պատկերասրահը կազմակերպում են Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ հիմնադրամի նոր արվեստային տարածքում:
Հարություն Կալենցը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին` աջակցության համար, նաեւ ՀՀ կառավարությանն այն բանի համար, որ վարպետը իր հանգիստը գտավ Կոմիտասի անվան պանթեոնում այլ մեծերի կողքին:

Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի հուշարձանները Երեւանում եւ Ավետիք Իսահակյանի հուշարձանը` Գյումրիում: Բոլորի ճարտարապետն էլ Ջիմ Թորոսյանն է
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` nikoartgallery.com –ից:


















































